«Զվարթնոց» օդանավակայան-Երևան երթուղու վերջնակետը կլինի «Երիտասարդական» մ/կ-ն
«Զվարթնոց» օդանավակայան-Երևան N201 ավտոբուսային երթուղին նոյեմբերի
11-ից կշահագործվի հաստատված չվացուցակի պահանջներին համապատասխան՝
առավոտյան ժամը 07.00-ից մինչև 22.00-ն՝ 30 րոպե միջակայքով, 22.30-ից
մինչև 07.00-ն՝ 1 ժամյա պարբերականությամբ։
«Զվարթնոց» օդանավակայանից շարժվելով՝ ավտոբուսը կանգառներ է կատարում
Փարաքար, Արգավանդ գյուղերի մոտ, Կենտրոնական ավտոկայարանի, Մաշտոցի
պողոտայի (նախկին «Փակ շուկա»), Ստ. Շահումյանի անվան դպրոցի, Օպերայի և
բալետի ազգային ակադեմիական թատրոնի կանգառներում, մետրոյի «Երիտասարդական»
կայարանի մոտ:
Վերջնակետից` մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտից, դեպի օդանավակայան
ուղևորվելիս, ավտոբուսը կանգառներ կկատարի Կաթողիկե եկեղեցու
հարևանությամբ, «Հանրապետության» հրապարակում (Ազգային պատկերասրահի
հարևանությամբ), Ամիրյան փողոցի, Մաշտոցի պողոտայի (նախկին Փակ շուկա),
Կենտրոնական ավտոկայարանի, Արգավանդ և Փարաքար գյուղերի կանգառներում,
«Զվարթնոց» օդանավակայանում:
Բացի այդ, այս երթուղու ավտոբուսներում մոտ օրերս կտեղադրվեն համապատասխան
տերմինալներ, որոնց միջոցով մեր քաղաքացիները, ինչպես նաև օտարերկրյա
զբոսաշրջիկները հնարավորություն կունենան ուղեվարձը վճարել իրենց բանկային
քարտերով։
«Զվարթնոց» օդանավակայան-Երևան N201 ավտոբուսային երթուղին սպասարկում է
«Էլիտ բաս» ընկերությունը։ Ուղեվարձը 300 դրամ է։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն