Տեսաք, տեսաք ինչ եղավ
«Հայկական վերածնունդ» կուսակցությունն այսօր հուշագիր ստորագրեց ՀՀԿ-ի հետ` Վանաձորի միասնական կառավարման մասին: Հուշագիրը ստորագրել են ՀՀԿ ու ՀՎԿ կուսակցությունների տարածքային կառույցների ղեկավարները` Արկադի Փելեշյանը, որը նաեւ ավագանու ՀՎԿ-ի անդամն է, ու քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը: Համաձայն հուշագրի` Վանաձորի քաղաքապետի առաջին տեղակալն է լինելու հենց Արկադի Փելեշյանը:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Վանաձորի քաղաքապետը.
«Երեկ կոչով դիմել էի Վանաձոր համայնքի ավագանու խմբակցություններին՝ ավագանու նիստերին մասնակցության և մասնակցային կառավարման սկզբունքից ելնելով՝ կառավարման մաս կազմելու հորդորով. Իմ կոչին արձագանքել է Վանաձորի ՀՎԿ տարածքային կառույցի ղեկավար և ավագանու անդամ Արկադի Փելեշյանը, որի հետ էլ կնքել ենք համագործակցության հուշագիր»,-գրել է Ասլանյանը:
Ստացվում է` նոյեմբերի 23-ի Վանաձորի ավագանու նիստը կլուծվի հօգուտ քաղաքապետի` ավագանու անդամների սահմանված թիվն արդեն ապահովված է: ՀՎԿ-ի այս քայլով կարելի է նաեւ ենթադրել, թե ովքեր են եղել ՀՀԿ-ի թեկնածու Մամիկոն Ասլանյանի օգտնին քվեարկած ավագանու մինչ օրս չբացահայտված անդամները:
Հիշեցնենք, որ 2016 թվականի Վանաձորի ՏԻՄ ընտրություններից հետո, արդեն 1 տարի «Հայկական Վերածնունդ», ԲՀԿ եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները բոյկոտում էին ավագանու նիստերը, օրեր առաջ` նոյեմբերի 10-ին Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց Վանաձորի գործող ավագանու մեկ տարվա և մեկ ամսվա գործունեությունը համարել հակասահմանադրական: