Թուրքիան Ղրիմի հարցում Ռուսաստանի հետ համակարծիք չէ. Չավուշօղլու
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ թեև Թուրքիան և Ռուսաստանը կարգավորել են երկկողմ հարաբերությունները, սակայն որոշ տարածաշրջանային հարցերի շուրջ դեռ ունեն տարակարծություններ: Այս մասին գրում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:
«Թուրքիան և Ռուսաստանը կարծիքներ են փոխանակում բազմաթիվ հարցերի շուրջ՝ Սիրիայից մինչև Ղրիմ, Կովկասից մինչև Բալկաններ: Ղրիմի հարցում մենք Ռուսաստանի դիրքորոշումը չենք կիսում: Կարելի է ասել, որ որոշակի տարակարծություն ունենք նաև սիրիական հիմնախնդրի հետ կապված, - ասել է Չավուշօղլուն՝ շեշտելով, որ այս տարակարծությունները չեն խանգարում երկու երկրներին շարունակել աշխատել միասին:
Հիշեցնենք, որ Թուրքիայի և ՌԴ-ի հարաբերությունները սրվել էին թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո: Դրանից հետո Ռուսաստանը պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի նկատմամբ՝ արգելելով այդ երկրից մի շարք սննդամթերքների, թռչնամսի, մրգերի ներմուծումը, ինչպես նաև սահմանափակել էր ռուս զբոսաշրջիկների՝ Թուրքիայի հանգստավայրեր այցելելու հնարավորությունը։
Սակայն անցյալ տարվա ամռան սկզբին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներողություն է խնդրել ռուսական իշխանություններից կատարվածի համար, ինչին հաջորդել են երկու երկրների հարաբերությունների վերականգնման աշխատանքները