Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ԳՇ ղեկավարները կհանդիպեն Սոչիի գագաթնաժողովից մեկ օր առաջ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ նոյեմբերի 22-ին Սոչիում կայանալիք Ռուսաստան-Իրան-Թուրքիա եռակողմ գագաթնաժողովին ընդառաջ առանձին հանդիպում կունենան երեք երկրների զինված ուժերի գլխավոր շտաբերի ղեկավարները, այս մասին գրում է թուրքական «Յենի Շաֆաք» պարբերականը:
Հիշեցնենք, որ նոյմեբերի 22-ին Ռուսաստանում Սիրիայի հարցով գագաթնաժողով կանցկացվի Ռուսաստանի Դաշնության, Իրանի Իսլամական Հանրապետության և Թուրքիայի նախագահների մասնակցությամբ: Եռակողմ հանդիպումը տեղի կունենա Սոչի քաղաքում:
Էրդողանը հայտնել է, որ գագաթնաժողովից մեկ օր առաջ քննարկումներ կանցկացնեն նաև արտաքին գործերի նախարարները:
«Սիրիական հիմնախնդրի հարցի շուրջ բանակցությունների շրջանակներում մենք հնարավորություն կունենանք նաև քննարկելու Իդլիբում և Աֆրինում տիրող իրավիճակը: Անվտանգության գոտիների մասին պայմանավորվածության շրջանակներում մենք 12 դիտակետ ունենք Իդլիբում, Իրանը նույնպես այս տարածքի հետ կապված իր պահանջներն ունի, ինչը մենք այդքան էլ չենք ողջունում», - ասել է Էրդողանը:
Էրդողանը նշել է, որ Իդլիբից ետ քաշվելու դեպքում Թուրքիայի սահմանների անվտանգությունը կարող է վտանգվել այդտեղ գործող քրդական ջոկատների պատճառով:
«Դեռևս Համբուրգում կայացած G-20 գագաթնաժողովի ընթացքում Ռուսաստանը մեզ խոստացավ փոխըմբռնումով մոտենալ այս թեմային՝ հաշվի առնելով այդ տարածքից մեզ սպառնացող վտանգի հետ կապված մեր մտահոգությունները», - ասել է Էրդողանը:
Ավելի վաղ Էրդողանը նաև հայտարարել էր, որ Սիրիայի հյուսիսային Աֆրին շրջանում իրականացվելիք ռազմական գործողության շրջանակում սերտորեն կհամագործակցի Ռուսաստանի հետ: