Հայաստանում համացանցի ազատության մակարդակը վատթարացել է
Հայաստանն իր դիրքերը վատթարացրել է համացանցի ազատության Freedom on the Net 2017 վարկանիշում, որը հրապարակել է Freedom House միջազգային կազմակերպությունը:
Հայաստանը մտել է «մասնակի ազատ համացանցով» երկրների ցուցակի մեջ՝ ստանալով 100 հնարավորից 32 միավոր:
Զեկույցի համաձայն՝ համացանցում ազատության մակարդակը վատթարացել է, երբ Facebook-ի օգտատերերը ժամանակավոր սահմանափակումներ են ունեցել: Մյուս պատճառն այն է, որ «խորհրդարանական ընտրությունների նախաշեմին համացանցում դիտվել է մանիպուլյացիաների աննախադեպ մակարդակ, ըստ որում՝ համակարգված ծրագրերը ապատեղեկատվություն են տարածել եւ փորձել են խլացնել Twitter-ի անկախ հաշվետվությունը»:
«Չնայած կառավարությունը սովորաբար չի զբաղվում արգելափակմամբ կամ զտմամբ, Facebook-ը 2016 թվականի հուլիսին սահմանափակվել էր, երբ զինված ընդդիմադիրները Երեւանում գրավել էին ոստիկանական տեղամասը, որի ընթացքում մի քանի ոստիկանների պատանդ էին վերցրել: Մոբիլիզացվելով սոցցանցերում՝ հազարավոր քաղաքացիներ փողոց էին դուրս եկել, որ միաժամանակ հանդես գան ընդդեմ կառավարության: Իրավապահ մարմինները բռնությամբ հեռացրել էին իրադարձությունները լուսաբանող լրագրողներին:
Ընդհանուր առմամբ, համացանցը համեմատաբար ազատ է եղել՝ ենթակառուցվածքի աստիճանական բարելավմամբ եւ բնակչության ավելի լայն շերտերի շրջանում կապի հասանելիությամբ: Ակտիվիստները սոցիալական մեդիան կանոնավորապես օգտագործում են որպես իրենց խնդիրների առաջմղման գործիք, ընդդիմությունը եւ անկախ լրատվամիջոցները համացանցում աճում են»,- նշված է զեկույցում:
Փորձագետներն անցյալ տարվա առանցքային իրադարձությունների թվում նշում են այն փաստը, որ «ոստիկանությունը նպատակաուղղված եւ բռնի միջոցներով խոչընդոտել է լրագրողների աշխատանքին, որոնք հուլիսյան ցույցերից ուղիղ հեռարձակումներ են իրականացրել»:
Ինչ վերաբերում է Հայաստանի հարեւաններին, զեկույցի համաձայն՝ Վրաստանը շարունակում է մնալ ազատ համացանցով միակ երկիրը, մինչդեռ Ադրբեջանը մասնակի ազատ համացանցով երկրների ցուցակում է: Ինչ վերաբերում է Իրանին եւ Թուրքիային, ապա այս երկրներում համացանցն ազատ չէ:
Freedom on the Net 2017 զեկույցում ընդգրկված 65 երկրներից գրեթե կեսում համացանցի ազատության իրավիճակը վատթարացել է: Միայն 13 երկրում է բարելավում արձանագրվել, որոնց մեծ մասն աննշան է եղել: