BBC-ի աղմկահարույց բացահայտումը. ԻՊ ահաբեկիչները սիրիական Ռաքքայից դուրս են բերվել բեռնատար մեքենաներով
Բրիտանական հեղինակավոր BBC հեռուստաալիքը հատուկ ուսումնասիրություն է անցկացրել Սիրիայի հյուսիսում գտնվող Ռաքքա քաղաքի՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրումից հետո այստեղ թաքնված ահաբեկիչների փախուստի հնարավոր ուղիների մասին:
Փնտրելով Ռաքքայից փախած ԻՊ-ականների հետքերը BBC-ն սենսացիոն բացահայտում է արել. շուրջ 250 ահաբեկիչ, որոնց թվում կային նաև ԻՊ պարագլուխներ, հեշտությամբ դուրս են եկել այստեղից` քաղաքից դուրս բերվող խաղաղ բնակիչների ավտոբուսների շարասյան հետ միասին:
Նշենք, որ Սիրիայի հյուսիսում գտնվող Ռաքքայի ազատագրման գործողությունն իրականացվում է «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորման և Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատների կողմից, գործողությանն աջակցում են ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերը:
Ռաքքայից ԻՊ-ականներով լցված մեքենաներից մեկի վարորդը հանդիսացած սիրիացին հեռուստաընկերության լրագրողներին պատմել է, որ իրեն նախապես մոտեցել են «Սիրիայի դեմոկրատական ուժեր»-ի զինյալներ և հայտնել, որ նա պետք է այստեղից տեղափոխի քաղաքից դուրս բերվող խաղաղ բնակիչներին: Դրա փոխարեն, սակայն, մոտ 10 բեռնատար մեքենաների մեջ նստեցվել են ահաբեկիչներ, որոնք դուրս են եկել քաղաքից հենց Ռաքքան ազատագրող ուժերի անմիջական վերահսկողության ներքո: Նրանց հետ միասին դուրս է բերվել մի քանի տոննա զենք:
Վարորդ Աբու Ֆեվզին նաև պատմել է, որ գործողության կատարման համար նրան հազարավոր դոլարներ էին խոստացել:
Ֆեվզի նշել է, որ քաղաք մտնելուն պես նրանք նկատել են պայթուցիկներն իրենց վրա հագցրած հարյուրավոր ԻՊ-ականների, որոնք կարող էին մեկ վայրկյանում օդ թռցնել ամբողջ ավտոշարասյունը, եթե ինչ-որ բան այնպես չգնար:
«Այդ պահից սկսած սկսեցինք վախենալ: Նույնիսկ նրանց կանանց ու երեխաների վրա պայթուցիկներ էին ամրացված», - հիշում է վարորդը:
Ռաքքան ԻՊ-ի հսկողության տակ էր գտնվում 2013 թվականից ի վեր, քաղաքը համարվում էր ահաբեկիչների «մայրաքաղաքը»: Հոկտեմբերի վերջին Ռաքքան ազատագրվել է ԻՊ գրոհայիններից «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորման և ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերի կողմից: