Իրանում երկրաշարժի հետեւանքով մոտ 12 հազար շենք է ավերվել (Լուսանկարներ)
Իրանի արեւմուտքում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետեւանքով գրեթե 12 հազար շենք է ավերվել, զոհվել է 530-ից ավելի մարդ: Այս մասին հայտնել է Իրանի Կարմիր մահիկի Փրկության եւ օգնության կազմակերպության ղեկավար Մորթեզա Սալիմին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ավերվել է գրեթե 12 հազար բնակելի կառույց»,- ասել է Սալիմին:
Իրանի մշակութային ժառանգության, արհեստների եւ տուրիզմի կազմակերպության ղեկավար Ալի Ասղար Մունեսանն ավելի վաղ հայտնել էր, որ երկրաշարժի հետեւանքով վնասվել են մի քանի պատմական օբյեկտներ եւ հուշարձաններ:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին երեքշաբթի այցելել է Քերմանշահ նահանգ, որտեղ տեղի է ունեցել երկրաշարժը, տեղում իրավիճակը գնահատելու համար: Իրանի նախագահը այցելել է նաեւ Սարե-Փոլե-Զոհաբ շրջան, որտեղ աղետի հետեւանքով գրանցվել է զոհերի ամենամեծ թիվը:
7,2 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել անցած կիրակի Իրանի եւ Իրաքի սահմանին: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Բաղդադից 204 կմ հյուսիս-արեւելք եւ Իրանի Քերմանշահ քաղաքից 104 կմ արեւմուտք:
Տարբեր տվյալներով՝ երկրաշարժի հետեւանքով Իրանում զոհվել է 430-ից 445 մարդ, վնասվածքներ է ստացել մոտ 7,1 հազար մարդ: Իրանի բանակի զորահրամանատար Աբդուլռահիմ Մուսավին հայտարարել էր, որ զոհվածների թվում զինվորականներ են եղել, սակայն նա չէր հստակեցրել զինծառայողների թվում զոհերի տվյալները, հայտնել էր Tasnim գործակալությունը: