Չինացի նորապսակները կախվել են 100 մետրանոց ժայռից ու էքստրեմալ հարսանեկան ֆոտոշարք արել (լուսանկարներ)
Չինաստանում նորապսակներն արտասովոր և վտանգավոր վայր են ընտրել հարսանեկան ֆոտոշարքի համար. պսակադրության արարողությունից րոպեներ անց նրանք բարձրացել են ավելի քան 100 մետր բարձրություն ունեցող ժայռը, կառչել դրանից և լուսանկարվել:
The Sun-ի հաղորդմամբ՝ նորապսակներն ընտրել են Չինաստանի Հենան նահանգի Խայա լեռները՝ մագլցելու ժամանակ օգտվելով մետաղական բռնակներից, հենակներից և ճոպաններից:
Նշվում է, որ նախաձեռնությունը նմանակել է «Ճանապարհորդություն դեպի Արևմուտք» չինական սերիալի իրադարձություններին, որոնք հիմնված են ականավոր չինացի արձակագիր, բանաստեղծ Ու Չենենի նույնանուն վեպի վրա:
Հարսանեկան արարողության հյուրերը, որոնք ուղեկցել են զույգին և օգնել նրանց մագլցել ժայռը, հագնվել են սերիալի հերոսների պես:
Հատկանշական է, որ հարսանեկան արարողությունն անցկացվել է նոյեմբերի 11-ին՝ Չինաստանում նշվող Ամուրիների օրը, որը նվիրված է չամուսնացած մարդկանց: