Մինչեւ հաջորդ տարեվերջ ԵՄ-ն կկազմի օֆշորային երկրների սեւ ցուցակը
ԵՄ-ն աշխատում է «ֆինանսական միջնորդների» վերահսկողության եւ կարգավորման համակարգի ստեղծման վրա եւ մինչեւ հաջորդ տարեվերջ կներկայացնի օֆշորային երկրների ցուցակը, որտեղ ընկերությունները եւ մասնավոր անձինք ֆինանսական գործունեություն են ծավալում՝ ազգային հարկումից խուսափելու նպատակով: Այս մասին տնտեսության եւ ֆինանսների հարցերով եվրահանձնակատար Պիեռ Մոսկովիսին նշել է իտալական Report-ի հետ հարցազրույցում:
«Մենք խոստացել ենք, այսպես կոչված, հարկային դրախտների սեւ ցուցակը պատրաստել մինչեւ 2018 թվականի վերջ: ԵՄ-ն խիստ կլինի նրանց նկատմամբ, ովքեր դրան արժանի կլինեն»,- ասել է Մոսկովիսին: Նա հստակեցրել է, որ ներկայումս 90 երկրի են հետեւում, եւ եթե «նրանք չեն ցանկանում այս ցուցակում հայտնվել, պետք է ընդունեն ԵՄ-ի սահմանած բոլոր կանոնները»: «Մենք աշխատում ենք ֆինանսական միջնորդների վերահսկողության համակարգի բարեփոխման վրա, եւ առանց կասկածի նրանց գործունեությունը պետք է ավելի թափանցիկ լինի»,- շեշտել է եվրահանձնակատարը:
Իտալական Report-ի եւ L'espresso շաբաթաթերթի լրագրողները հրապարակել են իտալացիների ցուցակը, որոնք կապված են Paradise Papers կոչվող միջազգային հետաքննության շրջանակում օֆշորային սկանդալի հետ: Ի տաբերություն այլ երկրների, որտեղ օֆշորային ֆինանսական գործունեության մեջ մերկացվել են ամերիկացի խոշոր ձեռնարկատերերը, որոնք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մերձավոր շրջապատից են, հայտնի քաղաքական գործիչներ եւ նույնիսկ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը, իտալացիների շրջանում հայտնի հնչեղ անուններ չեն եղել ո՛չ քաղաքականության, ո՛չ շոու բիզնեսի եւ սպորտի աշխարհից: Հետաքննության մեջ հիմնականում նշված են իտալական ընկերություններ, նաեւ Վատիկանի մեկ կրթական կազմակերպություն: Երկուշաբթի Il Giornale պարբերականը նշել է, որ ոչ այնքան թափանցիկ գործունեության մեջ մերկացվել է, մասնավորապես, Vitrociset ընկերությունը, որն զբաղվում է անվտանգության համակարգերով, որոնք մատակարարվում են Իտալիայի Պաշտպանության նախարարությանը: