Թուրքիան շարունակում է Իրանի հետ սահմանին պատի կառուցումը
Թուրքիան մեծ թափով շարունակում է Իրանի հետ սահմանին 144 կմ երկարությամբ բետոնե պատի կառուցման աշխատանքները: Պատը նախատեսվում է ավարտին հասցնել 2018 թվականի կեսերին, գրում է թուրքական «Էվրենսել» պարբերականը:
Պատը կառուցվում է Թուրքիայի տարածքում գտնվող Իդգիր և Աղրը (պատմական Բայազետ - tert.am) նահանգների սահմանային հատվածներում: Այն համալրված կլինի դիտաշտարակներով, անվտանգության տեսախցիկներով, ինչպես նաև կունենա զրահապատ ապակիներով դռներ: Նշվում է, որ բետոնե պատի երկայնքով հատուկ ճանապարհ կկառուցվի ավտոմեքենաների համար:
Այս իրավիճակը խորը դժգոհություն է առաջացրել սահմանամերձ բնակավայրերի բնակիչների մոտ, որոնք մինչ պատի կառուցման աշխատանքների մեկնարկն այս տարածքով առևտուր էին իրականացնում իրանցի հարևանների հետ: Շատերը լրագրողներին հայտնել են, որ պատի կառուցման նախագիծը տնտեսական ճգնաժամի մեջ է գցել այս գյուղերի բնակիչներին, որոնք արդեն մեծ նյութական վնասներ են կրել:
Թուրքական կողմը նշում է, որ պատի կառուցումն իրականացվում է անվտանգության նկատառումներով՝ կանխելու «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» ահաբեկչական խմբավորման զինյալների փախուստը դեպի Իրան: Բացի այդ՝ թուրք-իրանական սահմանի հենց այս հատվածը Աֆղանստանից, Պակիստանից ու այլ երկրներից թմրանյութերի ներմուծման, ինչպես նաև ասիական մի շարք երկրներից փախստականների՝ դեպի Եվրոպա դուրս գալու հիմնական երթուղիներից մեկն է համարվում:
Ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել, որ Թուրքիան պատրաստվում է պատ կառուցել նաև Հայաստանի հետ սահմանին:
Դեռևս անցյալ տարվա վերջին Թուրքիան ավարտին հասցրեց Սիրիայի հետ սահմանին 911 կմ-անոց պատի կառուցումը: