Հաստատվել են դեղատոմսերի նոր ձեւերը
Հաստատվել է առողջապահության նախարարության ներկայացրած «Դեղատոմսերի ձեւերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ՝ էլեկտրոնային եղանակով) կարգը, ինչպես նաեւ դեղերի եւ դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 14-ի N 759 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը: Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։
Դեղատոմսերի շրջանառությունը կարգավորող փաստաթղթում հստակ սահմանված են թմրամիջոցների, հոգեմետ նյութեր պարունակող դեղերի, անվճար եւ արտոնյալ կարգով հատկացվող դեղատոմսերի գրման, բացթողնման եւ հաշվառման կարգերը, դեղատոմսերի ձեւերը` դրանք համապատասխանեցնելով «Դեղերի մասին» ՀՀ օրենքին: Այդ գործառույթները գործող կարգերում նկարագրված են թերի կամ բացակայում են:
Նշենք, որ սահմանվում է դեղատոմի 4 նոր ձեւաթուղթ։ Դեղատոմսը մնում է դեղատանը հետագայում պատշաճ վերահսկողություն եւ մշտադիտարկում իրականացնելու նպատակով:
Նոր կարգով դեղատոմսերում գրվելու են դեղերի համընդհանուր (ջեներիկ) անվանումները: Դեղատանը դեղ ձեռք բերող անձին պարտավոր են ներկայացնելու առկա նույն բաղադրատարրը պարունակող, նույն դեղաչափով եւ դեղաձեւով փոխարինելի բոլոր դեղերի վերաբերյալ տեղեկատվություն, այդ թվում՝ գների մասին` առանց ուղղորդման: Միաժամանակ պարզեցված է թմրամիջոցների նշանակման կարգը։ Դրանք կարող են դուրս գրել բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող հաստատությունների ընտանեկան բժիշկները, ինչպես նաեւ պացիենտին բուժող բժիշկները` անկախ մասնագիտությունից:
Դեղատոմսերի շրջանառությունը կարգավորող նոր կարգը ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից հետո երեք ամիս անց։
Նշենք, որ Հայաստանի Հանրապետությում գրանցված 4723 դեղից 3632-ը, որոնց թվում են նաեւ հակաբիոտիկները, բաց կթողնվեն դեղատոմսով։