Սաուդյան Արաբիայի միլիարդատերերը փորձում են երկրից փողը դուրս բերել
Այս թեմայով
- Սաուդյան Արաբիայի թագավորը շտապ գագաթնաժողով է հրավիրել
- Սաուդյան Արաբիան եւ ԱՄԷ-ը աջակցում են Սուդանի ռազմական խորհրդին
- Սաուդյան Արաբիայի բարձրաստիճան պաշտոնյաներն անմիջական կապ ունեն սաուդացի ընդդիմադիր լրագրող Խաաշկղիջիի անհետացման հետ. The Washington Post
- ԱՄՆ-ն կպարզի, թե ինչ է տեղի ունեցել անհետացած սաուդցի լրագրող Հաշքաջիի հետ
Սաուդյան Արաբիայի միլիոնատերերը եւ միլիարդատերերը հնարավորություններ են փնտրում իրենց դրամական միջոցները երկրից դուրս բերելու համար՝ կոռուպցիոն հետաքննության շրջանակում բացասական հետեւանքներից վախենալով, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին:
Աղբյուրների փոխանցմամբ՝ երկրում ամենահարուստ մարդիկ բանակցություններ են վարում բանկերի, ակտիվների կառավարման մենեջերների եւ խորհրդատուների հետ Սաուդյան Արաբիայից եւ հարեւան երկրներից դրամական միջոցները եւ լիկվիդային ակտիվները դուրս բերելու նպատակով՝ վախենալով, որ դրանք կարող են սառեցվել: Դրանից բացի, նրանք մտահոգություն են հայտնում, որ կոռուպցիայի գործի շրջանակում երկրում նոր կալանավորումներ կլինեն:
Կիրակի Սաուդյան Արաբիայի կոռուպցիայի դեմ պայքարի Բարձրագույն կոմիտեն ժառանգորդ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի ղեկավարությամբ կարգադրել է ձերբակալել մոտ 40 ազդեցիկ անձանց, որոնց թվում են թագավորական ընտանիքի անդամներ, նախարարներ, զինվորականներ եւ ձեռնարկատերեր:
Երեքշաբթի ժառանգորդ արքայազնը երկրի զարգացման խորհրդի մեջ մտնող նախարարներին կարգադրել է հավաստիանալ, որ ազգային եւ միջազգային ընկերությունները, այդ թվում՝ նրանք, որոնք մասնակի կամ ամբողջությամբ պատկանում են այն մարդկանց, ում դեմ քննություն է անցկացվում, քննչական միջոցառումների հետեւանքով չեն տուժի:
Bloomberg-ը նաեւ հայտնում է, որ ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների՝ չորեքշաբթի երկրի Կենտրոնական բանկը բանկերին կարգադրել է սառեցնել տասնյակ մասնավոր անձանց հաշիվները, որոնց թվում կան նաեւ ձերբակալվածներ, որոնք դեռեւս չեն կալանավորվել, ըստ որում՝ սպառնալիքի տակ է ձերբակալվածների 33 մլրդ դոլարի մասնավոր կարողությունը:
Սաուդյան Արաբիայում ձերբակալվածների մասին տեղեկություններից հետո տարածաշրջանային ֆոնդային շուկաներում վաճառք է սկսվել: Գործակալության տեղեկություններով՝ չորեքշաբթի օրվա արդյունքներով՝ Պարսից ծոցի երկրների Համագործակցության խորհրդի մեջ մտնող երկրների բորսաներում անկումը կազմել է 17,6 մլրդ դոլար: