Սանկտ Պետերբուրգի նախկին փոխնահանգապետ Մարատ Հովհաննիսյանը 50 մլն ռուբլի է յուրացրել
Սանկտ Պետերբուրգի նախկին փոխնահանգապետ Մարատ Հովհաննիսյանը խոստովանել է իր մեղքը «Զենիթ Արենա» ֆուտբոլային մարզադաշտի կառուցման ժամանակ ավելի քան 50.4 մլն ռուբլու յուրացման մասին գործում:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով պետերբուրգյան դատարանի մամուլի ծառայությանը, հոկտեմբերի 11-ին Հովհաննիսյանը դիմում է ներկայացրել համագործակցության նախադատական համաձայնագիր կնքելու մասին:
Հիշեցնենք, որ Հովհաննիսյանին ձերբակալել և կալանքի տակ են առել անցյալ տարվա նոյեմբերին՝ մարզադաշտի համար տեսացուցանակ մատակարարելու մասին պայմանագրի կնքման ժամանակ գումարի յուրացման մեղադրանքով: Նրան մինչև 10 տարվա ազատազրկում է սպառնում:
Հովհաննիսյանի կալանքի ժամկետը մինչև 2018-ի փետրվարի 9-ը երկարաձգելու մասին միջնորդություն է ներկայացվել, որը կքննարկվի նոյեմբերի 13-ին: