«Ձևավորվել է արտակարգ դատարան, ՄԻԵԴ դիմելն ավելի է հեշտանում»
Սասնա ծռերի 10 անդամների գործով դատական նիստի հենց սկզբում այսօր ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանի պաշտպան Հայկ Ալումյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Մեսրոպ Մակյանին։ Նա նշել է, որ դեպքը՝ ՊՊԾ գնդի գրավումը, տեղի է ունեցել Էրեբունու տարածքում, ուստի այն պետք է քննվեր Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի տարածքում։ Նրա խոսքով՝ խախտում է տեղի ունեցել, և այն քողարկվել է Մեսրոպ Մակյանին այս դատարան գործուղելով։
«Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ դուք գործուղվել եք այս դատարան՝ Սասնա ծռերի գործի այս մասը քննելու համար։ Ձևավորվել է արտակարգ դատարան, և ես Ձեզ բացարկ եմ հայտնում»,- ասաց Հայկ Ալումյանը։ Ըստ նրա՝ քրեական գործն այնպիսի ընթացք է ստանում, որ ՄԻԵԴ դիմելն ավելի է հեշտանում։
Միջնորդությանը միացան պաշտպանական կողմի բոլոր փաստաբանները, իսկ փաստաբաններից Հարություն Բաղդասարյանն էլ ավելացրեց, որ եթե նույնիսկ արդարացման դատավճիռ կայացվի, այն կլինի ոչ օրինական։
Նա միջնորդեց դատավորին ինքնաբացարկ հայտնել, հակառակ դեպքում կապացուցվի, որ Հայաստանում արդարադատություն չկա։ Դատախազ Պետրոս Պետրոսյանն առարկեց միջնորդության դեմ, իսկ դատավոր Մեսրոպ Մակյանը հեռացավ խորհրդակացական սենյակ՝ որոշումը կայացնելու։