Տարածաշրջանի ամենամարտունակ անկազմակերպվածությունը
Ինքնախաբեության ամենա-ամենաների շարքը օրերս համալրեց Տարոն Մարգարյանը իր Երևանում կառուցվելիք տարածաշրջանի ամենաերկար զիփլայնով։
Սա դասական «հայկական վատություն է» Ենոքավանի զիփլայնին, որի կառուցվելիք նոր գծի համար ազգովի դրամահավաք էինք անում, որի PR- ին անձամբ վարչապետ Կարեն Կարապետյանն էր մասնակցում և տրամադրեց անձնական գումար։ Ինչը ճիշտ էր, որովհետև նման քայլերով են նաև բարձրացնում երկրի տուրիստական գրավչությունը։
Բայց Երևանում նոր մեգա-զիփլայնի կառուցումը մոտավորապես նման էր 10 մետրի վրա մի քանի դեղատուն բացելու հայկական ավանդույթին՝ պարզ, պրիմիտիվ և ընդհանրական շահի բացակայությամբ պատկերացումներ։
Ի դեպ, այս անհեթեթության մեջ Տարոն Մարգարյանի դերը ամենափոքրն է. Նա քաղաքապետն է և իր քաղաքում ինչ-որ նոր բան է կառուցում։
Այլ հարց է, որ տպավորություն է ստեղծվում, թե երկիրը չունի միասնական կառավարում։ Կա նախագահ, կա վարչապետ, կան նախարարներ, կան ռազմավարական կենտրոններ, որոնք մեծ փողեր են ստանում ու հայեցակարգեր գրում, կան համապատասխան պաշտոնյաներ, խորհրդականներ, բայց չկա միասնական քաղաքականություն, չկա ամբողջական մտածողություն ու պատկերացումներ։ Առնվազն տուրիզմի մասով՝ դա ակնհայտ է։
Բյուջեից և այլ աղբյուրներից հսկայական փողեր են դուրս գրվում տուրիզմի զարգացման հայեցակարգ մշակելու, տուրիզմ զարգացնելու համար, անվերջ խորհրդակցություններ են անցկացվում , բայց մի կոնկրետ էպիզոդը ցույց է տալիս, որ ուղղակի չկան խորքային միասնական պատկերացումներ։ Դարձյալ ամեն ինչ իր հունով է գնում։ Բայց այս դեպքում, ի սկզբանե, պիտի ընդունենք, որ տուրիզմի առումով տարածաշրջանային մրցակցության մեջ պարտվելու ենք։ Այս հնարավորությունն էլ կարող ենք բաց թողնելու։
Երևանում մենակ ճիշտ ցուցանակներ դնելով, շենքերի փողոցների համատարած համարակալում անելով ու մի քանի պարզ խնդիրներ լուծելով կարելի է նկատելի առաջընթացի հասնել։ Բայց պարզվում է, դա մեզ պետք չէ: Մեր խնդիրը տարածաշրջանում հերթական ամենա-ամենան ունենալն է. չգիտես ում համար, որ նպատակի։
Նույնիսկ հարց չի ծագում, թե արդյոք զիփլայնի գաղափարի համար ամենաերկարն է լավը։ Իսկ գուցե տուրիստները ոչ թե ամենաերկարն են ուզում, այլ կարճ կամ միջին հեռավորության։
Հետևությունը մեկն է, իսկապես տուրիզմը ամենագերակա ճյուղերից մեկն է Հայաստանի համար։ Եվ մեր կյանքից զուրկ քաղաքներն ու մարզերը տուրիզմով մենք կարող են կենդանացնել։ Բայց դրա համար պետք է ոչ թե անվերջ խոսել, շոուներ սարքել, Հայաստանից կտրված ջահելներով ռազմավարական կենտրոններ պահել, պաշտոններ շռայլել , այլ գործ անել՝ կոնկրետ, դժվար, բայց հստակ, որտեղ նպատակն ու արդյունքը կերևան ու քայլերն էլ կլինեն դրանց համապատասխան։
Վարդան Մխիթարյան