Ալիեւ. Պուտինի հետ չլուծված հարցեր չունենք
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ նրանց միջև չի մնացել որևէ լուծում չստացած հարց, հայտնում է minval.az-ը:
Այդ մասին Ալիևը հայտարարել է Ռուսաստանի դաշնային խորհրդի նախագահի տեղակալ, երկկողմ հանձնաժողովի համանախագահ Իլյաս Ումախանովի և Դաղստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Խիզրի Շիխսաիդովի հետ հանդիպմանը:
«Երեկ երեկոյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հերթական հանդիպմանը, ուսումնասիրելով մեր երկկողմ հարաբերությունների օրակարգը, մենք հայտնաբերեցինք, որ չկա որևէ հարց, որը լուծում կպահանջեր: Մենք պարզապես հիշեցինք ձեռքբերված հաջողությունները՝ տնտեսական, տրանսպորտային, էներգետիկ, քաղաքական ոլորտներում մեր համագործակցության արդյունքները, և հանձնանարարություններ տվեցինք համապատասխան կառույցներին հարաբերությունների հետագա զարգացման ճանապարհները որոշելու համար: Այսինքն, դա հարաբերությունների այնպիսի մակարդակի ցուցանիշ է, երբ անգամ նախագահների մակարդակով չկան ինչ-որ հատուկ հարցեր, որոնք լուծում են պահանջում»,- ասել է Ալիևը: