Վարչարարությունը բացասական է ազդում գործարար միջավայրի վրա. Կարեն Կարապետյան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր՝ նոյեմբերի 2-ին, հանձարարականներ տվեց որոշ սահմանափակ ռեսուրսներից օգտվելու համար պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից թույլտվությունների եւ այլ փաստաթղթերի տրամադրումը պարզեցնելու վերաբերյալ: Նա նշեց, որ տնտեսվարող սուբյեկտները պարտավոր են ստանալ որոշ սահմանափակ ռեսուրսներ, օրինակ՝ ջրօգտագործման թույլտվություն, հանրային տարածքների վարձակալություն, եւ այդ նպատակով տնտեսվարողները պետք է դիմեն համապատասխան պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին:
«Տնտեսական մրցակցության պաշպանության պետական հանձնաժողովի կողմից իրականացված ուսումնասիրությունները փաստում են, որ շատ հաճախ բացակայում են այդ փաստաթղթերի տրամադրման միասնական եւ հստակ պայմաններ, ինչպես նաեւ դրանք տրամադրվում են պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների հայեցողական որոշումների հիման վրա»:
Նա նշեց, որ այս կերպով վարչարարությունը բացասական է ազդում գործարար միջավայրի վրա, նրա խոսքով, անհրաժեշտ է մշակել այս գործընթացները պարզեցնելու, արդյունավետությունը բարձրացնելու եւ գործարարների համար հասանելիության հավասար պայմանների ապահովման նոր մեխանիզմ:
Կարեն Կարապետյանը հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին հանձնարարեց, իսկ տեղական ինքնակառավարման մարմիններին առաջարկեց երկամսյա ժամկետում, համագործակցելով ՏՄՊՊՀ-ի հետ, գույքագրել բոլոր դեպքերը, որոնց հիման վրա տրամադրվում են սահմանափակ ռեսուրսներից օգտվելու թույլտվություններ, համաձայնություններ, քվոտաներ, կառավարության աշխատակազմ ներկայացնել այդ փաստաթղթերի տրամադրումը մրցութային, կանխատեսելի եւ հստակ կարգով կազմակերպելու վերաբերյալ իրավական ակտերի նախագծեր: