Հրեա վերաբնակները կրոնական դպրոց են կառուցել Արեւմտյան ափին, ապամոնտաժված առաջնադիրքի տեղում

Հրեա վերաբնակները երկուշաբթի հայտարարել են, որ կրոնական դպրոց են կառուցել օկուպացված Արեւմտյան ափում, ապամոնտաժված առաջնադիրքի տեղում այն բանից հետո, երբ Իսրայելի կառավարությունը հանել է մի քանի տարհանված շրջանների բնակեցման արգելքը տարածքի հյուսիսային հատվածում, տեղեկացրել է The Associated Press-ը։
Դպրոցը կառուցվել է կիրակի Հոմեշում, Արեւմտյան ափի չորս առաջնադիրքերից մեկում, որոնք տարհանվել էին 2005թ. Գազայի հատվածից Իսրայելի հեռանալու շրջանակում։ Մարտին Իսրայելի ծայրահեղ աջ կառավարությունը չեղարկեց 2005թ. օրենքը, որը տարհանել էր չորս առաջնադիրքերը եւ արգելել իսրայելցիներին վերադառնալ այդ շրջաններ։
Բնակավայրերի ստեղծման հակառակորդ խմբերն ասում են, որ բնակավայրերի հետագա շինարարությունն այդ շրջաններում էլ ավելի է խափանում միասնական, անկախ պաղեստինյան պետության ստեղծման հույսերը։ ԱՄՆ-ն՝ Իսրայելի մերձավոր դաշնակիցը, նույնպես մտավախություն է հայտնել։
Հոմեշը Արեւմտյան ափի հյուսիսում Իսրայելի դիրքերի ամրապնդման ջանքերի կենտրոնում էր։ Առաջնադիրքում երկար ժամանակ բնակվողներ կային, չնայած 2005թ. օրենքին։ Նրանք անգամ վրաններում էին ապրում, եւ զինվորականները երբեմն քանդում էին դրանք։
Իսրայելի կառավարությունը բնակավայրերի շինարարությունն իր գերակա խնդիրներից է համարել։ Կառավարող կոալիցիան, որը գլխավորոմ է վարչապետ Բենիամին Նեթանյահուն, կազմված է ուլտրաազգայնական վերաբնակներից, ներառյալ ֆինանսների նախարար Բեցալել Սմոտրիչը, որը որոշակի իշխանություն ունի Արեւմտյան ափի բնակավայրերում։ Իսրայելական բանակի ռադիոն տեղեկացրել է, որ Հոմեշի կրոնական ճեմարանը կառուցվել է Սմոտրիչի եւ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հավանությամբ։
Մարտակա գործողությունների սաստկացումը վերջին մեկ տարում Իսրայելի եւ պաղեստինցիների միջեւ Արեւմտյան ափին կողմերի միջեւ հանգեցրել է բռնության ամենամահասփյուռ շրջանին։
Իսրայելը զավթել է Արեւմտյան ափը, Գազայի հատվածը եւ Արեւելյան Երուսաղեմը 1967թ. մերձավորարեւելյան պատերազմի ժամանակ։ Պաղեստինցիները փորձում են այդ տարածքներում ստեղծել իրենց պետությունը։