Բրիտանուհին նշել է 109-ամյակը եւ որպես երկարակեցության գաղտնիք անվանել համառությունը
Բրիտանական Հաքսբի քաղաքից նախկին ուսուցչուհի Օլիվ Էդվարդսը նշել է իր 109-ամյակը եւ որպես իր երկարակեցության գաղտնիք անվանել համառությունն ու օրական երեք անգամ սնվելը, հայտնում է Metro-ն։
Կինը պատմել է, որ սիրում է սաղմոն եւ ծնեբեկ, շատ ջուր է խմում եւ ժամանակը տրամադրում է կարդալուն, հյուսելուն ու կարելուն։ Նրա խոսքով՝ ինքը փորձում է հնարավորինս երկար ակտիվ մնալ եւ չի դադարում զբաղվել իր հոբբիներով։ «Երբ ես 80 տարեկան էի, թոռներիս հետ ֆուտբոլ եւ կրիկետ էի խաղում»,- ասել է 109-ամյա բրիտանուհին։
Հարցին, թե որն է իր երկարակեցության գաղտնիքը, Էդվարդսը պատասխանել է, որ ուտում է օրական երեք անգամ եւ շատ համառ է։ «Իմ գաղտնիքը չհուսահատվելն ու առաջ գնալն է»,- ասել է նա:
Ծննդյան օրվա պատվին Birchlands Care Home-ի շեֆ խոհարարը պատրաստել է նրա սիրելի ուտեստը: Սաղմոնից հետո Օլիվը տնական տորթի մի կտոր է ճաշակել։
Բրիտանուհին շնորհավորական բացիկ է ստացել Չարլզ III թագավորից։ Էդվարդսն իր ողջ կյանքում աշխատել է որպես տարրական դպրոցի ուսուցչուհի։ Նա վերապրել է երկու համաշխարհային պատերազմներ եւ իր աչքերով տեսել ժամանակակից տեխնոլոգիաների ստեղծումը: Նա ունի երկու դուստր եւ չորս թոռ։