Մոսկվայի կենտրոնում հայաստանցուն սպանելու պատճառը ճանապարհային վեճն է
ՌԴ իրավապահ մարմինները մոսկվացու են ձերբակալել հայ տղամարդու սպանելու կասկածանքով, որը կատարվել է հոկտեմբերի 16-ին Մոսկվայի Նովոսլոբոդյան փողոցում: Այս մասին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի մայրաքաղաքի քննչական վարչության պաշտոնական ներկայացուցիչ Յուլիա Իվանովան, փոխանցում է Lenta-ն:
«Նշված հանցագործության կատարման համար կասկածյալը հայտնաբերվել եւ ձերբակալվել է: Նա մայրաքաղաքի բնակիչ է՝ ծնված 1977 թվականին: Հարցաքննության ժամանակ կասկածյալը մեղքն ամբողջ ծավալով ընդունել է եւ պարզաբանել, որ նշված հանցագործությունը կատարել է ճանապարհային վեճի պատճառով»,- ասել է Իվանովան:
«Նախնական տեղեկություններով՝ սպանությունից կարճ ժամանակ առաջ կասկածյալը, որը «Ժիգուլի» է վարել, իսկ տուժողը՝ ծագումով Հայաստանից 44-ամյա տղամարդը՝ Infinity, Անտառային փողոցի շրջանում կտրել է տուժողի ճանապարհը, որից հետո նրանց ճանապարհային վեճը տեւել է մինչեւ Նովոսլոբոդյան փողոց, որտեղ Մոսկվայի ժամանակով մոտ 08:30-ին հանցագործությունը կատարվել է: Սպանվածի վրա առնվազն 4 անգամ են կրակել»,- «Լենտա»-ին հայտնել է իրավապահ մարմիններում աղբյուրը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ սպանության ձեռագիրը պատվիրված սպանության է նման, սակայն այս վարկածը հերքվել է:
Իվանովան նշել է, որ ներկայումս որոշվում է ձերբակալվածի նկատմամբ խափանման միջոցի ընտրության եւ նրան մեղադրանք առաջադրելու հարցը: Ավելի վաղ հանցագործության փաստով քրեական գործ էր հարուցվել ՌԴ ՔՕ 105 հոդվածի 1-ին մասով («Սպանություն») եւ 222 հոդվածի 1-ին մասով («Զենքի անօրինական շրջանառություն»):