Կինը սիրեցյալի հետ սեռական հարաբերությունը տեսանկարահանել եւ գումար է շորթել
Սիրեցյալի հետ սեռական հարաբերությունը տեսանկարահանելու եւ այն նրա կնոջը ցույց տալու սպառնալիքով նրանից գումար շորթելու մեջ մեղադրվող Մ. Գրիգորյանն ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը:
Երեւանի Զեյթուն եւ Արաբկիր վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Մ. Գրիգորյանին դատապարատել է 2 տարվա ազատազրկման, սակայն, որոշումով՝ նրա նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառել եւ փորձաշրջան նշանակել 3 տարի ժամկետով:
Գործով մեղադրող Գ. Ամիրյանը Վերաքննիչ բողոք է բերել՝ պահանջելով Մ. Գրիգորյանի նկատմամբ կայացրած Առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանել եւ նրան դատապարտել ազատազրկման 3 տարի ժամկետով: Վերաքննիչ դատարանում հոկտեմբերի 18-ին նշանակված նիստը չկայացավ, քանի որ մեղադրողն արձակուրդում էր եւ չէր ներկայացել գործի քննությանը, դատարան չէին ներկայացել նաեւ տուժող Ա. Էսքանդարին եւ ամբաստանյալի շահերի պաշտպան Լիանա Գասպարյանը: Վերջինը չէր ներկայացել մեկ այլ դատական նիստի գտնվելու պատճառով:
Վերաքննիչ դատարանում գործով քննությունը տեղի կունենա նոյեմբերի 8-ին, ժամը 12-ին:
Ըստ մեղադրական եզրակացության, Մ. Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա շորթմամբ Ա. Էսքանդարիի զգալի չափերով գույքը հափշտակելու միասնական դիտավորությամբ, իր բջջային հեռախոսով գաղտնի, տեսանկարահանել է իրենց միջեւ տեղի ունեցած սեռական հարաբերությունը եւ նշված` վարկաբեկող տեսանյութերը Ա. Էսքանդարիի կնոջը եւ այլ անձանց հրապարակելու սպառնալիքով վերջինից մաս-մաս պահանջել է ընդհանուր 800 ԱՄՆ դոլար գումար:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 182-րդ հոդվածի 1-ին մասով՝ Շորթումը: