ԵՄ-Հայաստան շրջանակային համաձայնագիրն ու ղարաբաղյան հիմնախնդիրը
Եվրամիության մոտեցումը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ տարբերվում է Մոլդովայի, Վրաստանի եւ Ուկրաինայի հակամարտությունների հանդեպ ԵՄ դիրքորոշումից։ Այս մասին հաղորդագրություն է տարածել «Իրազեկ քաղաքացիների միավորումը»:
Հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է.
«Հոկտեմբերի 13-ին հրապարակվեց Եվրոպական Միության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ նոյեմբերին կնքվելիք Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի տեքստը։ Համաձայնագիրը, ինչպես եւ ակնկալվում էր, ի թիվս այլ հարցերի անդրադառնում է նաեւ ղարաբաղյան հակամարտությանը։
Ի՞նչ է ասում համաձայնագիրը
Համաձայնագրի տեքստը նշում է, որ կողմերն ընդունում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ եւ երկարատեւ կարգավորման համար Հայաստանի Հանրապետության հանձնառության կարեւորությունը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից վարվող բանակցությունների շրջանակներում այդ կարգավորմանը հնարավորինս շուտ հասնելու անհրաժեշտությունը։
Այնուհետեւ նշվում է նաեւ, որ կարգավորումը պետք է հիմնված լինի ՄԱԿ-ի կանոնադրությունում եւ ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված նպատակների եւ սկզբունքների վրա, մասնավորապես, ուժի սպառնալիքից կամ գործադրումից զերծ մնալու, պետությունների տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների հավասար իրավունքների եւ ինքնորոշման սկզբունքների վրա, հաշվի առնելով նաեւ կարգավորման գործընթացին աջակցելու Եվրամիության հաստատված հանձնառությունը:
Սովորական ձեւակերպո՞ւմ
Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի տեքստի քաղաքական մասը իր բովանդակությամբ եւ անգամ կառուցվածքով շատ նման է Մոլդովայի եւ Վրաստանի ԵՄ հետ ասոցացման համաձայնագրերին։ Այդուհանդերձ այս երկու երկրների ասոցացման պայմանագրերը եւ Հայաստանի հետ համաձայնագրի քաղաքական մասը ունեն մի հստակ տարբերություն։
Վրաստանի եւ Մոլդովայի ասոցացման պայմանագրերի մեջ՝ որպես այս երկրների հակամարտությունների կարգավորման համար հիմնարար սկզբունք, նշվում է միայն տարածքային ամբողջականությունը, իսկ ազգերի ինքնորոշման սկզբունքի մասին խոսք չկա։ Մինչդեռ Հայաստանի հետ համաձայնագիրը տարածքային ամբողջականության սկզբունքից բացի նշում է նաեւ ազգերի ինքնորոշման իրավունքը։
Ավելին, թե՛ Մոլդովայի ու Վրաստանի, եւ թե՛ Ուկրաինայի ասոցացման համաձայնագրերը նշում են, որ կողմերը հավատարիմ են անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնմխելիության պահպանմանը։ Թեեւ ուկրաինական կոնֆլիկտն սկսվել է այս երկրի ասոցացման համաձայնագրի պատրաստումից հետո, որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ ԵՄ-ն հստակ պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։
Մինչդեռ Հայաստանի հետ համաձայնագրում տարածքային ամբողջականությանը չի տրվում առաջնային նշանակություն։ Այս ձեւակերպումը հերթական անգամ ցույց է տալիս, որ ԵՄ մոտեցումը ղարաբաղյան հակամարտությանը տարբերվում է Մոլդովայի, Վրաստանի եւ Ուկրաինայի հակամարտությունների հանդեպ ԵՄ դիրքորոշումից։ Միաժամանակ այս ձեւակերպումը օրինական հիմքեր է ստեղծում երբեւէ ԵՄ կողմից Արցախը պաշտոնապես ճանաչելու համար»: