Մոլորակի 2,5 հազար մեծահարուստների կարողությունը հավասարազոր է 150 երկրների ընդհանուր ՀՆԱ-ին
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (UNFPA) ներկայացուցիչ Ռիչարդ Կոլոջը, ներկայացնելով «Կյանքը տարբեր աշխարհներում» զեկույցը, մեծ ուշադրություն է դարձրել սոցիալ-տնտեսական անհավասարության խնդրին:
«Այսօրվա դրությամբ աշխարհի 2,473 միլիարդատերերի ընդհանուր կարողությունը հավասարազոր է 2015 թվականին աշխարհի բոլոր երկրների չորս հինգերորդի համախառն ներքին արդյունքին», - ասել է Կոլոջը: UNFPA-ի զեկույցում նշվում է «Wealth-X» վերլուծական ընկերության տվյալները, որը գնահատել է աշխարհի բոլոր միլիարդատերերի ֆինանսական ակտիվները`ավելի քան 7,7 տրիլիոն դոլար:
«Սա նշանակում է, որ մինչ որոշ արտոնյալ տնային տնտեսություններ տնօրինում են միլիարդավոր դոլարներ, հարյուր միլիոնավոր ընտանիքներ գոյատևում են օրը մոտ 1.25 դոլարով», - բացատրել է ՄԱԿ ներկայացուցիչը:
Ռիչարդ Կոլոջը նշել է, որ պետությունների միջև անհավասարությունն «ընդհանուր առմամբ նվազում է», սակայն այն «աճում է երկրների ներսում, հատկապես զարգացող երկրներում»:
2008-ից 2013 թվականներին 34 երկրներում աճել է սոցիալական բացը, բնակչության ամենահարուստ 60%-ի եկամուտը ավելի արագ է աճում, քան մյուս բնակիչների եկամուտները: Չափից ավելի մեծ բացը հարուստների եւ աղքատների միջև բերում է ակնհայտ բացասական հետեւանքների սոցիալ-տնտեսական բոլոր առումներով:
UNFPA-ի զեկույցի հրապարակումը համընկել է աղքատության հաղթահարման միջազգային օրվա հետ, որը նշվել է հոկտեմբերի 17-ին: ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն այս օրվա կապակցությամբ տեսանյութում նշել է, որ աշխարհում այսօր շուրջ 800 միլիոն մարդ գտնվում է աղքատության շեմին: