Քիրքուքում կատարվածի համար մեղավոր են նաև քրդերը. Բարզանի
Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանին, խոսելով իրաքյան բանակի կողմից Քիրքուքի նկատմամբ վերահսկողություն սահմանելու մասին, նշել է, որ Քիրքուքում քրդական ուժերի կորուստների համար մեղավոր են նաև հենց քրդերը:
Ինչպես փոխանցում է քրդական Rudaw-ն, Բարզանին հայտարարել է, որ Քիրքուքում տեղի ունեցածի մեղավորը քրդական քաղաքական մի շարք ուժերի կայացրած սխալ որոշումներն են: Բարզանին խոստացել է Քրդստանի ժողովրդին, որ իրենք կկատարեն անհրաժեշտ քայլերը, և հայտարարել է, որ քուրդ մարտիկների արյունը զուր չի թափվել:
Նա նաև կոչ է արել քրդական բոլոր ուժերին և քաղաքական կուսակցություններին վերջապես միավորվել և միասնական գործել:
Հիշեցնենք, որ նախօրեին Իրաքի ուժերը սկսել են երկրի հյուսիսում գտնվող թուրքմեններով, արաբներով և քրդերով բնակեցված Քիրքուք շրջանի վրա գրոհը, որն Իրաքյան Քրդստանի ու Իրաքի միջև վիճելի տարածքներից մեկն է համարվում: Կարճ ժամանակ անց իրաքյան բանակին հաջողվել է վերահսկողություն սահմանել Քիրքուքի օդանավակայանի և կարևոր նավթահանքերի օբյեկտների նկատմամբ:
Քիրքուքը պաշտոնապես Իրաքյան Քրդստանի մաս չի կազմել, սակայն տեղի քրդերը մասնակցել են անկախության հանրաքվեին:
Օրեր առաջ Իրաքի իշխանությունները մեղադրել են Իրաքյան Քրդստանի ղեկավարությանը դեպի Քիրքուք ոչ պետական ուժեր և մասնավորապես՝ Թուրքիայում ահաբեկչական հայտարարված «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման զինյալներ տեղափոխելու համար: Իրաքի անվտանգության հարցով նախարարական խորհուրդը նշել է, որ դրանով իսկ Իրաքյան Քրդստանը պատերազմ է հայտարարում մյուս իրաքցիներին և մնացյալ ուժերին: