Մալթայի լրագրողուհու սպանության հետևում կարող են կանգնած լինել ադրբեջանական հատուկ ծառայություննե՞րը. Տեսանյութ
Մալթայում որոնում են լրագրող Դաֆնա Կարուանա Գալիցիայի սպանության մեղավորներին:
53-ամյա հետաքննող լրագրողը, ով հայտնի էր իշխանությունների կոռուպցիոն գործարքների մասին բազմաթիվ հրապարակումներով, զոհվել է երեկ՝ մեքենայում տեղադրված ռումբի պայթյունից:
Երկրի կառավարությունը սպանության բացահայտմանը աջակցելու խնդրանքով դիմել է նաև ամերիկացի իրավապահներին:
Մալթայում լրագրողուհու մեքենայի պայթեցումը մեծ շոկ է առաջացիել ոչ միայն Մալթայում, այլև` ողջ Եվրոպայում: Ամիսներ առաջ հենց Դաֆնա Կարուանա Գալիցիան էր բացահայտել, որ վարչապետի կինը կապ ունի Պանամայում գրանցված օֆշորային մի ընկերության հետ, որը գումարներ է ստացել Ադրբեջանի իշխանություններից: Վարչապետն ու նրա ընտանիքը կտրականապես հերքում էին այս մեղադրանքները:
Երկու շաբաթ առաջ լրագրողուհին արդեն զգուշացրել էր, որ իրեն սպառնում են մահափորձով:
Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկատը լրագրողուհու սպանությունը գնահատել է որպես բարբարոսական քայլ, սակայն քչերն են հավատում նրա անկեղծությանը, թերահավատորեն են տրամադրված, սակայն, որ լրագրողուհուն կարող էին սպանել վարչապետի կողմնակիցները:
Ըստ փորձագետների, նման ձեռագիրը խորթ է այդ երկրի բարքերին, և սպանության պատվիրատուի հետքերը կարող են տանել Մալթայից դուրս, և չեն բացառում, որ այս ամենի հետևում կարող են կանգնած լինել ադրբեջանական հատուկ ծառայությունները:
Վիկիլիքսի ղեկավար Ջուլիան Ասանժը արդեն իսկ հայտարարել է, որ պատրաստ է վճարել 20 000 դոլար` լրագրողուհու սպանությունը բացահայտելուն աջակցելու համար: