Ղրղըզների ընդվզումը․ ԵՏՄ-ն՝ քաղաքական նոր ճգնաժամի շեմին
«Ժամանակ» թերթը գրում է. «Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաեւը երեկ հայտարարել է, որ պատրաստ է Եվրասիական տնտեսական միության արտահերթ նիստ հրավիրել, պատճառը Ղազախստանի հետ սահմանին տիրող իրավիճակն է:
«Եթե մեր ընտրություններից հետո երկու օրվա ընթացքում սահմանին իրավիճակը անփոփոխ մնա, ես կպահանջեմ ԵՏՄ արտահերթ նիստ հրավիրել: Ես այդպիսի իրավունք ունեմ»,- երեկ հայտարարել է Ատամբաեւը:
Ղրղըզստանի ու Ղազախստանի հարաբերությունները լարվել են այն բանից հետո, երբ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը սեպտեմբերին անակնկալ կերպով իր աջակցությունն է հայտնել Ղրղըզստանի նախագահի թեկնածուներից մեկին՝ մեծահարուստ գործարար Օմուրբեկ Բաբանովին: Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաեւը Նազարբաեւին մեղադրել է երկրի ներքին գործերին խառնվելու մեջ՝ հայտարարելով, որ Ղազախստանը ղեկավարում են կոռումպացված «սուլթանները»: Այս ամենին Ղազախստանն արձագանքել է՝ խստացնելով վերահսկողությունը սահմանին, ինչի հետեւանքով հոկտեմբերի 10-ից սահմանային անցակետում մեծ կուտակումներ են:
Նախագահական երեկվա ընտրություններում, ըստ նախնական արդյունքների, հաղթանակ է տարել Ատամբաեւի պաշտպանյալը՝ Սորոնբայ Ժենբեկովը, սակայն այս հանգամանքը որեւէ կերպ չի թուլացրել լարումը ղրղըզա-ղազախական հարաբերություններում:
Ղրղըզստանի նախագահական ընտրությունների հետեւանքով ստեղծված իրավիճակը լավագույնս բացահայտում է ԵՏՄ-ի քաղաքական բնույթը, էությունը: ԵՏՄ-ում գոյություն չունեն քաղաքական ընդհանուր օրակարգ, շահեր: Մոսկվայի կայսերական ամբիցիաների սպասարկման նպատակով ձեւավորված այս միությունում անդամ երկրները նույնիսկ անառողջ մրցակցության, լարվածության մեջ են: Ռուսաստանի եւ Բելառուսի միջեւ պարբերական դարձած «առեւտրային պատերազմները», Ղրղըզստանի եւ Ղազախստանի, կարելի է ասել, թշնամական հարաբերություններն ասվածի լավագույն դրսեւորումն են: Անցած տարվա ապրիլյան պատերազմը բացահայտեց, որ Հայաստանը ԵՏՄ-ում դաշնակիցներ չունի, ավելին՝ Բելառուսն ու Ղազախստանն իրենց բացահայտ, անթաքույց աջակցությունն էին հայտնում Բաքվին:
Մեծ հաշվով՝ ԵՏՄ-ն արհեստական միավորում է, որի գոյությունը երկարաձգվում է բացառապես Մոսկվայի շանտաժի եւ ճնշումների շնորհիվ: Ակնհայտ է, որ Ռուսաստանում Պուտինի իշխանության հնարավոր ճգնաժամը հանգեցնելու է ԵՏՄ-ի քայքայմանը:
Սակայն Ատամբաեւի երեկվա հայտարարությունը, ԵՏՄ արտահերթ նիստ նախաձեռնելու նրա վճռականությունն ուշագրավ են նաեւ այլ առիթով, որն անուղղակիորեն բացահայտում է Հայաստանի արտաքին քաղաքականության անդեմությունը, մեր էլիտայի պետական մտածողության դեֆիցիտը: Նույնիսկ Ղրղըզստանը, որը համարվում է ԵՏՄ-ի ամենաթույլ պետությունը, վճռական քայլերի է դիմում, երբ միությունում ոտնձգություն են կատարում իր ինքնիշխանության դեմ: Երբ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն ակնհայտ մարտահրավեր նետեց Հայաստանին՝ հրապարակայնորեն նվաստացնելով Սերժ Սարգսյանին, մեր իշխանությունները լռեցին: Պաշտոնական Երեւանը լռում է նաեւ բոլոր այն դեպքերում, երբ Մինսկն ու Աստանան բացահայտորեն պաշտպանում են ԵՏՄ անդամ չհանդիսացող Ադրբեջանի շահերը:
Հայաստանի իշխանությունների լռությունը բացահայտում է մի կողմից՝ մեր դիվանագիտության անդեմությունն ու անսկզբունքայնությունը, մյուս կողմից՝ պարտադրված է, որովհետեւ Հայաստանը ԵՏՄ-ում չի կարող բարձրացնել Ղազախստանի եւ Բելառուսի խնդիրը եւ շրջանցել այն ակնհայտ իրողությունը, որ Բաքվին ամենագործուն աջակցությունը ցուցաբերում է իր «ռազմավարական գործընկեր» Ռուսաստանը՝ միլիարդավոր դոլարների սպառազինություն մատակարարելով Ադրբեջան: Սակայն այս հանգամանքը ոչ միայն չի արդարացնում, այլեւ ավելի ցցուն է դարձնում Հայաստանի քաղաքականության անդեմությունը, մեր երկրի սուբյեկտության կորուստը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում