Թուրքիայի եւ ԱՄՆ-ի դաշինքը միֆ է
Այս շաբաթ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ եւ Թուրքիայի հարաբերությունները վատից վատթարի ուղղորդեց։ Երեքշաբթի նա հայտարարեց, թե «լրտեսները» ներխուժել են Թուրքիայում ԱՄՆ առաքելության մեջ, եւ նշեց, թե Թուրքիան չի կարծում, որ Անկարայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասսը Միացյալ Նահանգների օրինական ներկայացուցիչն է։ Այդ մասին գրում է վերլուծաբան Սթիվեն Քուքը «Foreign Policy» հանդեսում հրապարակված հոդվածում։
Նա հիշեցնում է, որ դիվանագիտական ճգնաժամը խորացավ Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսության աշխատակից Մեթին Թոփուզի ձերբակալությամբ։ «Թոփուզի դեպքը մտավ հակամարտությունների ավելի լայն ցանկ, որ վերջին տարիներին մարտահրավեր էին նետում ԱՄՆ հետ Էրդողնաի Թուրքիայի հարաբերություններին։ Այժմ հստակ է, որ Թուրքիան եւ Միացյալ Նահանգները նվազագույն չափով են դաշնակիցներ եւ գործընկերներ, ավելի շատ հակառակորդներ եւ ռազմավարական մրցակիցներ են, հատկապես՝ Մերձավոր Արեւելքում»,- գրում է հեղինակը։ Նա, սակայն, խորհուրդ չի տալիս մեղադրել միայն Էրդողանին։ Քուքի կարծիքով, հարաբերությունները սկսել են վատթարանալ Խորհրդային Միության փլուզումից հետո։
Նախ, Էրդողանը չի վստահում արեւմուտքին, երկրորդ՝ Թուրքիան եւ ԱՄՆ-ը չունեն ընդհանուր արժեքներ եւ շահեր, վերջապես աշխարհը լրջորեն փոփոխվել է դաշինքի հաստատումից ի վեր։ Ուստի, Քուքը կարծում է, թե ԱՄՆ հարաբերությունները Թուրքիայի ցանկացած իշխող կուսակցության հետ ի վերջո քանդվելու էին։ Նա նշում է, որ Թուրքիայի նկատմամբ ամերիկյան պաշտոնյաների քաղաքականությունը շարունակում է մնալ Սառը պատերազմի առասպելաբանության մակարդակում, ռոմանտիկ այն տեսության, թե Անկարան ու Վաշինգթոնը ուս-ուսի կանգնած են Խորհրդային Միության սպառնալիքի առջեւ։
«ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունը սկսումէ դանդաղ գիտակցել, որ իրենց հավատացածից շատ բան իրականում այդպես չէ։ Երկրի առաջնորդները, ներառյալ ռազմական ղեկավարությունը ոչ դեմոկրատ են, ոչ արեւմտամետ դեմքեր։ Իրականում, նրանք խորը կասկածանքով են վերաբերվում Միացյալ Նահանգներին»,- գրում է հեղինակը։