«Էս կնանոց գյամերը մեկ-մեկ պետք է քաշել, որ գլխիդ չնստեն». ձեր արձագանքը կարևոր է
«Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է. «Ենթադրենք, ձեր ընկերը կամ ծանոթը պատմում է իր ընտանիքում ծագած խնդիրների մասին և ներկայացնում է այդ խնդրի լուծման եղանակը՝ «էն օրը բռնի՝ կնգաս քացու տակ քցեցի»: Եթե դուք ոչ մի հոգեկան պաթոլոգիա չունեք, դուք պետք է որ ասեք, որ խնդիր լուծելու այդ ձևը ձեզ դուր չի գալիս: Բայց արդյո՞ք դուք դա կասեք ձեր ընկերոջը: Թե՞ կլռեք: Կամ ավելի վատ՝ կեղծավորություն կանեք ու կասեք. «Հա, ախպեր, ճիշտ ես արել, էս կնանոց գյամերը մեկ-մեկ պետք է քաշել, որ գլխիդ չնստեն: Թե չէ կմտածի, որ ղզիկ ես»: Այդ դեպքում ձեր ընկերը կհասկանա, որ դուք էլ եք «տղա», ինչպես «հայու գենի» և «ավանդական հայ ընտանիքի» ներկայացուցիչ: Գուցե ձեր զրուցակիցն այնքան տաքանա ձեր նկատմամբ՝ «հասկացողության համար», որ կհրավիրի «մի կտոր հաց» ուտելու: Ձեր ընտրությունն է՝ «անուշ ընկեր» լինել «լավ տղու» համա՞ր, թե՞ «ղզիկ»:
Վերջին օրինակը: Ավագանու անդամ Լևոն Իգիթյանը հայհոյում է մեկ այլ ավագանու անդամի, ընդ որում՝ կնոջ: Բայց նրա կողքին նստած են ավագանու այլ անդամներ՝ Իգիթյանի խմբակցությունից: Նրանցից ոչ մեկի մեջ ցանկություն չառաջացա՞վ սաստել գործընկերոջը: Նրա կողքին նստած էին նաև կանայք՝ նրանց մեջ ցասում չառաջացրեց կնոջ հանդեպ նման վերաբերմունքը: Գուցե և առաջացրեց, բայց նրանք խիզախություն չունեցան հակադրվելու գործընկերոջը: Հավանաբար, ոմանց համար կուսակցական համերաշխությունն ավելի կարևոր է, քան մարդկային արժեքները»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: