«Աշտարակ կաթը» պահանջում է մթերային խանութներից գումարներ բռնագանձել
«Նախորդ տարի պարզվեց, որ կաթնամթերքի խոշորագույն ընկերություններից մեկը՝ «Աշտարակ կաթը» ֆինանսական խնդիրներ ունի և գնաց սնանկացման: Հետագայում ընկերության առողջացման ծրագիր ի հայտ եկավ, այլ անձինք գնեցին ընկերությունը, և ԼՂՀ-ում գրանցված ընկերությունը վերսկսվեց կաթնամթերքի արտադրությունը:
Այժմ արդեն սնանկության գործով կառավարիչը բազմաթիվ հայցեր է ներկայացրել դատարաններ և պահանջում է մթերային խանութներից գումարներ բռնագանձել: Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից:
Մեզ հայտնի դարձավ, որ խանութների սեփականատերերն անակնկալի են եկել դատարանների կողմից ստացած ծանուցումներից: Պարզվում է, որ սնանկության գործով կառավարիչն իր հայցադիմումներում նշել է, որ խանութները չեն վճարել առաքված կաթնամթերքի գումարը:
Ի՞նչ է տեղի ունեցել իրականում: Ցանկացած խանութ առաքիչներից ապրանք ստանալիս վճարում է կատարում կանխիկ, ստանում է հաշիվ ապրանքագիրը, սակայն առաքող ընկերությունները դրամարկղում այդ գումարը մուտք անելու կտրոնը չեն ներկայացնում խանութներին, և այսպես շարունակ: Այսինքն՝ խանութի սեփականատերը վճարում է, ստանում է հաշիվ ապրանքագիրը և վերջ, բայց պարզվում է, որ գործարքը կայացած է համարվում, երբ առաքողը խանութպանին է հանձնում իր հաշվին կատարած վճարումը հաստատող կտրոնը: «Աշտարակ կաթի» դեպքում էլ է այդպես եղել, ընկերության սնանկության կառավարիչը որոշել է այսպես բռնագանձել հսկայական գումարներ: Մեզ հասած տեղեկություններով՝ դատական հայցերում նշված գումարների հանրագումարը շուրջ 1.2 միլիոն դոլարի սահմաններում է:
Ի դեպ, հիմա էլ խանութների ճնշող մեծամասնությունն առաքիչների հետ աշխատում է, նույն տրամաբանությամբ ստանում է հաշիվ ապրանքագիրը և վերջ: Երկրորդ տարբերակն էլ կա, երբ խանութը կանխիկ չի վճարում ստացած ապրանքի դիմաց, այլ նախընտրում է բանկից կատարել փոխանցում: Այդ դեպքում էլ ամեն օր ստացած շուրջ 50 անուն ապրանքի գումարը վճարելու համար նա 50 անգամ բանկին միջնորդավճար է վճարելու, որով կկարողանար, օրինակ, երկու աշխատողի աշխատավարձ տրամադրել»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: