Անտառխախտման երեք դեպք «Դիլիջան» ազգային պարկում
Բնապահպանության նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքներում շարունակվում են ուժեղացված ռեժիմով պահպանման աշխատանքները: Ինչպես տեղեկացրին բնապահպանության նախարարությունից, «Դիլիջան» ազգային պարկում աշխատակիցների կողմից շուրջօրյա շրջայցերի ընթացքում հայտնաբերվել է 3 անտառխախտման դեպք: Կազմվել են անտառխախտման արձանագրություններ և ուղարկվել ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարին: Ազգային պարկի կողմից իրացվել է 93,0 խ.մ փայտանյութ` միջինը 3000 դրամ 1 մ³ թափուկի դիմաց` ընդամենը` 877.6 հազ.դրամ գումարով:
Հանրության իրազեկման նպատակով համապատասխան նյութեր են տրամադրվել Դիլիջան քաղաքի և Տավուշի մարզային լրատվամիչոցներին` որսագողության, ապօրինի ծառահատումների, արածեցումների, ապօրինի շինությունների դեմ պայքարի աշխատանքներ կազմակերպելու վերաբերյալ:
«Դիլիջան» ազգային պարկի համապատասխան մասնագետները հանդիպել են ADEA հիմնադրամի աշխատակիցների և «Տրանս–Կովկասյան արահետ» ՀԿ–ի ներկայացուցիչների հետ` էկոերթուղիների ճշգրտման և հետագա ծրագրերի քննարկման նպատակով:
ՀՀ բնապահպանության նախարարության «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից ապօրինի ձկնորսության վերաբերյալ շաբաթվա ընթացքում կազմվել է մեկ արձանագրություն: Առգրավվել է 4 հատ պոլիէթիլենային ձկնորսական ցանց, 55 հատ «սիգ» տեսակի ձուկ, ինչը հանձնվել է Սևանի թիվ 3 «Հեքիաթ» ՀՈԱԿ-ին: