Նախարարությունը պարզաբանել է աջ ղեկով մեքենաների շահագործման վերաբերյալ լուրերը
Աջ ղեկով մեքենաների հարցով դեռ ոչինչ չի որոշվել, քննարկումները շարունակվում են: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը:
Հայտարարությունում ասվում է.
«Վերջին օրերին մի շարք լրատվամիջոցներում եւ սոցիալական ցանցերում տեղ են գտել հրապարակումներ եւ մտահոգություններ աջակողմյան ղեկով տրանսպորտային միջոցների հետագա շահագործման հնարավոր սահմանափակումների մասին:
Հաշվի առնելով վաղաժամ, երբեմն հակասական փաստարկները` հարկ ենք համարում պարզաբանել, որ այս պահին աջակողմյան ղեկով տրանսպորտային միջոցների շահագործումը դադարեցնելու, դրանց սեփականատերերի համար պայմաններ սահմանող կամ նրանց իրավունքները սահմանափակող որեւէ իրավական ակտ չկա:
Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթեւեկության կարգավորման բարեփոխումների համատեքստում քննարկվում են խնդրի կարգավորման բոլոր տարբերակները՝ դժվարություններ չստեղծելով այդ տրանսպորտային միջոցների գործող սեփականատերերի համար:
Ընդ որում` այդ քննարկումները ներառում են ճանապարհային երթեւեկության անվտանգության տեսանկյունից շահագրգիռ բոլոր կողմերի ներկայացրած առաջարկները, որոնք ավարտուն տեսքի բերվելուց եւ ամփոփումներից հետո սահմանված կարգով կներկայացվեն թե՛ հասարակությանը եւ թե՛ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներին»