Բիզնեսը կարող է մի քանի անգամ ավելի արագ անցնել Հայաստանում մաքսային զննումը
Հայաստան ներմուծելիս եւ արտահանելիս բիզնեսը կկարողանա ներկայացնել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը մեկ պատուհանի՝ trade.gov.am: Այս մասին հոկտեմբերի 11-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Միքայել Փաշայանը:
Մեկ պորտալում հնարավոր կլինի հանձնել ոչ միայն մաքսային փաստաթղթերը, այլ նաեւ ծագման վկայագիրը, բուժասանիտարական կամ անասնաբուժական վկայագիրը (կենսաբանական արտադրանքի համար), Դեղորայքի փորձագիտական կենտրոնի կողմից տրված թույլտվությունը (դեղորայքի համար) եւ այլն:
Ստանալով այս տեղեկությունը՝ մաքսատան ծառայողները եւ այլ պաշտոնատար անձինք հաստատում են դրանց իսկությունը: Եթե սահմանին կասկածներ կան, ապա ապրանքը վերստուգվում է: Նրանց համար, ովքեր ամեն ինչ կանոնավոր կերպով լրացրել են, ճանապարհ է բացվում պարզեցված ստուգման համար: Սա վերաբերում է ինչպես ներմուծողներին, այնպես էլ արտահանողներին:
«Ամեն դեպքում, անկախ նրանից սահմանին կրկնակի ստուգում կլինի, թե ոչ, համակարգը նախազգուշացնում է: Իսկ բիզնեսի համար կանխատեսելիությունը շատ կարեւոր է», - ասաց Փաշայանը:
Առայժմ կարգավորված է ստորաբաժանումների միջեւ տվյալների փոխանակումը: Հաջորդ քայլը արտասահմանյան մաքսային ծառայությունների հետ տվյալների փոխանակումն է, որպեսզի Հայաստանից ստացված տվյալները վստահելի լինեն Ռուսաստանում, Եվրոպայում կամ ԱՄՆ-ում: «Մենք արդեն սկսել ենք այդպիսի տվյալների փոխանակում հարեւան Իրանի եւ Վրաստանի հետ», - հավելեց նա: