«Կատալոնիայի անկախության հռչակմանը պատասխան կտրվի»
Կատալոնիայի ղեկավարությունը հայտնվել է ծանր ճնշման տակ: Անցած շաբաթ տասնյակ հազարավոր քաղաքացիներ երկրամասի մայրաքաղաք Բարսելոնայում անցկացրել են խաղաղ երթ ի պաշտպանություն Իսպանիայի միասնության:
Մադրիդում չեն բացառում, որ այսօր Բարսելոնայում անկախություն կհայտարարեն, քանի որ նախատեսված է Կատալոնիայի նախագահ Կարլես Պուջդեմոնի ելույթը երկրամասի օրենսդիր ժողովում:
Մադրիդում կտրականապես հրաժարվում են ճանաչել ոչ միայն հոկտեմբերի 1-ի անկախության հանրաքվեի արդյունքները, այլև դրա անցկացման օրինականությունը, նշելով, որ Սահմանադրական դատարանի կողմից ապօրինի համարվող հանրաքվեին մասնակցել է Կատալոնիայի ընտրողների ընդամենը 42 տոկոսը:
Մինչդեռ, Պուջդեմոնը և նրա աջակիցներն ասում են, որ անկախություն հռչակելու դեպքում կսահմանվի Իսպանիայի կենտրոնական իշխանության հետ հարաբերությունները պարզելու և անջատումը իրականացնելու վեցամսյա ժամկետ:
Այս պահին դեռ հայտնի չէ՝ արդյոք Պուջդեմոնը կհամարձակվի՞ անկախություն հայտարարել: Գուցե նա կընտրի ինչ-որ միջանկյալ, առավել մեղմ բանաձև: Բոլոր դեպքերում, Մադրիդում պատրաստվում են հակազդել:
«Եթե այդ պարոնը [Կարլես Պուջդեմոնը] միակողմանի կարգով անկախություն հռչակի, մենք կձեռնարկենք անհրաժեշտ միջոցներ, այդ որոշումը կընդունի Իսպանիայի կառավարությունը: Կատալոնիայի անկախության հռչակմանը պատասխան կտրվի», - ասել է Իսպանիայի փոխվարչապետ Սորայա Սաենզը:
Նա նկատել է տվել, որ Մադրիդում այլևս չեն ցանկանում գործ ունենալ Կատալոնիայի ներկայիս ղեկավարի հետ:
«Մենք արդեն վարժվել ենք այս հանգամանքներին, պարոն Պուջդեմոնի մոլեռանդությունը վկայում է՝ հույս չկա, որ նա կվերադառնա բանականության դաշտ և կհանդարտվի, հետևաբար՝ մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի», - ասել է Սորայա Սաենզը:
Վարչապետ Մարիանո Ռախոյն ասել է, որ հարկ եղած դեպքում Մադրիդը կլուծարի Կատալոնիայի կառավարությունը և կնշանակի նոր տեղական ընտրություններ: Նա կտրականապես հրաժարվում է բանակցել Պուջդեմոնի հետ:
Կատալոնիայի կորուստը Իսպանիայի համար կնշանակի տնտեսական արդյունքի մեկ հինգերորդի և արտահանման մեկ քառորդի կորուստ: Եվրամիությունը հայտնել է, որ չի ընդունում Կատալոնիայի անջատական ձգտումը:
Մադրիդը կարող է կիրառել Սահմանադրության 155-րդ հոդվածը և մասամբ կամ ամբողջությամբ չեղարկել երկրամասի ինքնավարությունը, ինչն Իսպանիայի պատմության ընթացքում երբևէ չի եղել:
Ծայրահեղ դեպքում Մադրիդը կարող է ոչ միայն ոստիկանություն, այլև զորք ուղարկել երկրամաս, հայտարարել արտակարգ դրություն և Կատալոնիան վերցնել ուղիղ կառավարման տակ, սակայն, ըստ վերլուծաբանների, այդ տարբերակի հավանականությունը մեծ չէ: