Աշխարհաքաղաքական խոշոր խաղացողները չեն ցանկանում, որ Թուրքիան, նաև Ադրբեջանը, ամրապնդվեն Հայաստանում

Այսօր ունենք մի ունիկալ իրավիճակ, երբ աշխարհաքաղաքական խոշոր խաղացողների՝ Իրանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրոպայի և Չինաստանի հետաքրքրությունները հատվել են մի կետում: Հիմնական խաղացողներից որևէ մեկին ձեռնտու չէ, որ Թուրքիան, ենթադրվում է նաև Ադրբեջանը, ամրապնդվի Հայաստանում, նրանք չեն ուզում, որ Թուրքիան Հայաստանով միանա Ադրբեջանին ու իր դիրքերն ամրապնդի: «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել քաղաքագետ, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արման Աբովյանը:
Զրուցակիցը շեշտում է՝ Հայաստանը պետք է այս իրավիճակից օգտվի և օգուտ քաղի.
«Իշխանությունները պետք է խոսեն այս խաղացողների հետ, ոչ թե թուրք-ադրբեջանական ոհմակի հետ խաղաղություն խաղան: Այս առումով մեր շահերը համընկնում են նրանց հետ»-հավելեց Աբովյանը:
Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի լուծում տեսնում է միջազգային դիտորդական առաքելության տեղակայումը:Նշենք, նաև որ Ռուսաստանը հայտարարել է, որ դեմ է մեր տարածաշրջանում միջազգային դիտորդների տեղակայումը:
Հարցին՝ արդյո՞ք սա որպես խնդրի լուծում կարելի է դիտարկել և արդյո՞ք Ռուսաստանը կամ Իրանը կհանդուրժեն մեր տարածաշրջանում այլ երկրների՝ օրինակ ՆԱՏՕ անդամ պետությունների ներկայությունը, Արման Աբովյանը շեշտեց՝ պետք է շարժվել՝ հաշվի առնելով միայն Հայաստանի հետաքրքրություններով, ինչը ենթադրում է, որ պետք է փորձել բոլոր խաղացողների հետ կոնսենսուս ձևավորել.
«Առաջին հերթին պետք է արվի ամեն ինչ, որ թուրք-ադրբեջանական տեռորիստական պետությունների ագրեսիան Արցախի և Հայաստանի նկատմամբ կանխվի և միջազգային հանրության կողմից լուրջ գնահատականի արժանանա: Ես տեղյակ չեմ ՝ի՞նչ դիտորդական առաքելության մասին է խոսքը, տեղյակ չեմ՝ ի՞նչ են բանակցում ու ի՞նչ են պայմանավորվում Հայաստանի իշխանությունները, բայց ես տեսնում եմ այն ցնցուները, որոնց մեջ գտնվում է իշխանութունը՝ փորձելով դիվերսիֆիկացնել իր դիրքերը տարածաշրջանում, փորձում են անվտանգային նոր համակարգ կառուցել, բայց իրենք մոռանում են, որ չի կարելի հաշվի չառնել տարբեր երկրների տարաձայնութունները և անունը դնել ՝թե սա արվում է, որ Ադրբեջանը իր զորքերը հետ քաշի, ճիշտ չէ սա, գոյություն ունի Արևելք և Արևմուտք բաժանում ու չի կարելի իրենց հետաքրքրությունները հակադրել»,-ասաց Աբովյանը:
Նրա արձանագրմամբ՝ մեր տարածաշրջանում հիմնական խաղացողները մնում են Ռուսաստանը և Իրանը, իսկ նրանք չեն հանդուրժի, որ ՆԱՏՕ անդամ երկրի ռազմական ուժեր տեղակայվեն մեր տարածաշրջանում.
«Մի պահ Ռուսաստանին թողնենք մի կողմ և վերցնենք Իրանին, ինչպե՞ս է Իրանը համաձայնվելու, որ դիտորդների պատրվակի ներքո Հայաստանում տեղակայվեն իր համար ոչ ցանկալի ռազմական ուժեր: Պետք է բոլոր հնարավոր մեթոդներն օգտագործել՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար և Արցախի շուրջ ընթացող գործընթացները հայամետ ուղղությամբ տանելու համար, այնուամենայնիվ, մենք չգիենք՝ ի՞նչ են պայմանավորվել, իրենց խոսքը կարող է հինգ րոպե հետո փոխվել»,-ասաց Աբովյանը: