Ապագա բանակցային գործընթացը լինելու է Բաքու-Ստեփանակերտ ու ինչ-որ չափով՝ Մոսկվա

Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Արցախի շուրջ էր, ես չեմ պատկերացնում, թե ինչպես կարող են այդ հարաբերությունները կարգավորվել՝ առանց Արցախի հիմնախնդրի կարգավորման շուրջ որոշակիության և միասնական պատկերացման՝ ԼՂ խնդրի կարգավորման հետ կապված։ Հետևաբար, եթե առաջընթաց կա, ապա կարելի է եզրակացնել, որ Արցախի հարցում կա համաձայնություն՝ կամ լռությամբ, կամ ոչ լռությամբ։ Այն հանգամանքը, որ Արցախի Հանրապետություն, ինքնորոշում, սուվերենություն բառերը Հայաստանի պաշտոնյաների բառապաշարից ի սպառ կորել են, վկայակոչում են այն մասին, որ այստեղ ունենք լրջագույն խնդիր։
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Որքան գիտեմ Ադրբեջանը, իրենք չեն էլ թաքցնում, ասում են, որ Ղարաբաղի հարցը կարգավորված է, «մենք ձեզ հետ Ղարաբաղի հարցով խոսելու ոչինչ չունենք» և որքանով ես գիտեմ՝ Հայաստանը չի պայքարում այդ մոտեցման դեմ։ Փաստորեն, եթե այսպես շարունակվի, ապագա բանակցային գործընթացը լինելու է հետևյալ ֆորմատով՝ Բաքու-Ստեփանակերտ և ինչ-որ չափով՝ Մոսկվա։ Հիմա ինչ հետևանքների կարող է բերել այս ֆորմանտը՝ կառաջարկեմ փորձագետներին գնահատել»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը։
Նրա խոսքով՝ տպավորություն է, որ Արցախի իշխանությունները հարմարվել են այս իրավիճակի հետ, թեև պաշտոնական հայտարարություններում խոսում են ինքնորոշման, սուվերենության մասին, մինչդեռ, այլ խոսակցություններում՝ ինքնաարդարացման բացատրությունը հետևյալն է՝ «ինչ անենք՝ Հայաստանը ձեռքերը լվացել է, մի ելք պետք է գտնենք՝ ժողովրդին այստեղ պահելու համար և դա հնարավոր չէ անել՝ առանց Ադրբեջանի հետ համագործակցության»։
Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ վերջին շրջանում Արցախի իշխանություններն անում է մեծ ջանասիրությամբ, կախվածությունը Բաքվից՝ այս ընթացքում միայն մեծացել է, այն փաստը, որ նոր ճանապարհի հետ չի կառուցվել գազամուղ, էլեկտրական սյուները չեն տեղափոխվել և կապի մալուխը մնացել է հին ճանապարհի վրա, այնպիսի մի կախվածություն է ստեղծում, որ Ադրբեջանը ցանկացած պահի կարող է արցախցիներին անելանելի իրավիճակում դնել, ինչն էլ Արցախի իշխանությունների համար ևս մեկ բացատրություն կլինի՝ թե ինչու է պետք համագործակցել Ադրբեջանի հետ։ Ռոբերտ Քոչարյանի դիտարկմամբ՝ ամենամեծ վտանգը կլինի այն, եթե սկսվի Արցախի պետական ինստիտուտների ապամոնտաժում, երկրորդ նախագահը կարծում է՝ հաջորդ քայլը լինելու է այս ուղղությամբ և դրա դեմ պետք է պայքարեն առաջին հերթին պայքարեն արցախցիները։