Ով կգլխավորի ԵԽԽՎ-ն Ագրամունդի հրաժարականից հետո
armtimes.com-ը գրում է. Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը պաշտոնապես հաստատել է Պեդրո Ագրամունտի հրաժարականը, նախագահի պարտականություններն իրականացնելու է ավագ փոխնախագահ բրիտանացի Ռոջեր Գեյլը, նշված է ԵԽԽՎ կայքում տարածված հայտարարությունում:
«Հրաժարականից հետո Վեհաժողովի ավագ փոխնախագահ Ռոջեր Գեյլն ավտոմատ կերպով ստանձնել է նախագահի պարտականությունները»,- նշված է փաստաթղթում:
Ըստ ԵԽԽՎ կանոնների, նա կգործի մինչև Վեհաժողովի նստաշրջանի հաջորդ հատվածում նոր նախագահի ընտրությունը:
ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը Twitter-ի իր էջում գրառում թողել և հայտնել, որ հրաժարական է տալիս: «Այսօր անձնական պատճառներով ես որոշել եմ այլեւս չնախագահել ԵԽԽՎ–ում»,- գրել է Պեդրո Ագրամունտը։
ԵԽԽՎ պատվիրակները պլանավորում էին աշնանային նստաշրջանի ընթացքում՝ հոկտեմբերի 9-ին քվեարկություն անցկացնել Ագրամունտի հրաժարականի հարցով։
Պեդրո Ագրամունտը ընտրվել է ԵԽԽՎ նախագահ 2016 թվականի հունվարին, վերընտրվել 2017-ին։ Նրա պաշտոնավարման ժամկետը լրանում է 2018 թվականի հունվարին: