Հիմա ասեք, թե ինչպես հարգենք ուսուցիչներին
Ուսուցիչը ցանկանում է, որ իրեն հարգեն: Ցանկանում է եւ ճիշտ է անում: Ուսուցչին հարգող հասարակությունը, պետությունը միշտ շահում է, հաղթում եւ առաջադիմում:
Ֆրանս-պրուսական հերթական պատերազմից հետո Գերմանիայի կայսրը խմեց գերմանացի ուսուցչի կենացը, հայտարարելով, որ պատերազմը հաղթեցին հենց նրանք:
Մակեդոնիայի թագավոր Ֆիլիպն Ալեքսանդրին Արիստոտելի մոտ ուսման ուղարկելուց առաջ նրան ուղղած նամակում նշում է, որ ուրախ է ոչ այնքան նրա համար, որ որդի ունի, այլ որ իր որդին ծնվել է Արիստոտելի ժամանակներում եւ ուսանելու է նրա մոտ:
Մի խոսքով, ուսուցչին պետք է հարգել, սիրել, փայփայել, խրախուսել: Բայց հիմա հարց՝ ինչպե՞ս հարգենք ուսուցչին, երբ նա ինքն իրեն չի հարգում: Մյուս կողմից, ի՞նչ անի խեղճ ուսուցիչը, որ իրեն դրել են այս վիճակի մեջ, որ նա ստիպված անում է այն, ինչը չպետք է անի:
Իսկ ի՞նչ է անում ուսուցիչը, որ չպետք է անի: Ուսուցիչը մասնակցում է ընտրակեղծիքներին, կառավարող կուսակցության հրահանգով մասնակցում է նախընտրական հավաքներին եւ դեռ աշակերտների ծնողներին էլ պարտադրում, որ իրենք եւս մասնակցեն: Ուսուցիչը մասնակցում է շաբաթօրյակներին եւ աշակերտներին եւս պարտադրում մասնակցել: Նրանք նաեւ բարձր են գնահատում հարուստ ծնողների երեխաներին եւ ցածր՝ չունեւորներին:
Թվարկումը կարող ենք շարունակել, բայց այսքանը բավական է: Իհարկե, ուսուցիչները կասեն եւ ասում են, որ եթե չմասնակցեն կառավարող կուսակցության նախընտրական հավաքին կամ ընտրակեղծիքներին, եւ աշակերտների ծնողներին չստիպեն մասնակցել դրանց եւ հրաժարվեն «ձայն բերելուց», ապա իրենց գործից կհեռացնեն:
Նրանք նաեւ ասում են, որ եթե հարուստ ծնողներից գումար չվերցնենք, ապա խղճուկ աշխատավարձով յոլա չեն գնա: Ճիշտ են ասում, իրոք դժվար է պատկերացնել, թե ինչպես են ապրում կամ ապրելու ցածր աշխատավարձով:
Եւ հիմա հարց, իսկ քանի՞ անգամ են ուսուցիչները գործադուլ արել եւ պահանջել, որ բարձրացնեն իրենց աշխատավարձը: Ոչ մի անգամ: Եւ ստացվում է, որ նրանք նախընտրում են այս կարգավիճակը, իսկ եթե նախընտրում են, ապա չպետք է դժգոհեն, որ աշակերտներն ու նրանց ծնողներն իրենց չեն հարգում: Իսկապես, ինչպե՞ս հարգեն: Ինչպե՞ս հարգեն, երբ ուսուցչի օրը որոշ ուսուցիչներ մեկ ծաղիկ ձեռքին հուզված դուրս են գալիս թաղապետարանի շենքից եւ այնպիսի տեսքով, կարծես արքայի պալատում են եղել եւ գովասանքի արժանացել: Ի՞նչ գործ ունի ուսուցիչը թաղապետարանում:
Ծանր վիճակ է: Եւ ելքն այս վիճակից արմատական բարեփոխումն է: Երբ ուսուցիչը չի կարողանում պահել իր հպարտությունն ու ինքնասիրությունը, նրան օգնության պետք է հասնի պետությունը: Առաջ շարժվելու, զարգանալու, բարգավաճելու առաջին քայլերից մեկն արժանապատիվ եւ լավ ուսուցիչ ունենալն է:
Պետությունը չպետք է ուսուցչին ցածր աշխատավարձ վճարի, պետությունը նրան չպետք է ստիպի մասնակցել ընտրակեղծիքներին եւ նախընտրական հանդիպումներին: Եւ երբ պետությունն իր առաջ նման խնդիր կդնի, դպրոցում կմնան իսկական ուսուցիչները, եւ ոչ թե այս ու այն պաշտոնյայի, գործարարի տանը պարապ մնացած կանայք կամ քույրերը:
Իսկ այսօր մենք չենք կարող շնորհավորել ուսուցիչներին: Ինչը շնորհավորենք՝ ձայն բերելը, ընտրակեղծարարությանը մասնակցելը, թե՞ նվերներով գնահատական նշանակելը:
Top-News.am