Երբ նախարարը պետական մտածողություն ունի
Վիգեն Սարգսյանը՝ ՀՀ պաշտպանության նախարարը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփեց իր աշխատանքի մեկ տարին: Այս, ինչպես նաեւ նրա հրապարակային մի քանի ելույթները, այդ թվում եւ մամուլի ասուլիսները հուշում են, որ գործ ունենք այն եզակի պաշտոնյաներից մեկի հետ, որն ունի պետական մտածողություն, հասկանում է, թե ինչ է պետությունը եւ որակապես տարբերվում է շատ ու շատ նախարարներից:
Բացի այն, որ զգացվում է, որ գիտելիքների լուրջ պաշար ունի, նա նաեւ կիրթ է եւ պահպանում է լրագրողների հետ շփման ամբողջ էթիկան: Ավելին, նա ավելորդ մեծամտությամբ չի տառապում, եւ տրված հարցերին տալիս է հստակ պատասխաններ, եւ ոչ թե ջանք ու եռանդ է խնայում իրեն գովերգելու համար:
Թերություններ, իհարկե՝ ունի: Վերջին հաշվով՝ ով չունի, բայց նրա տեսակը միայն օգուտ կարող է բերել մեր պետականությանը: Ընդամենը մեկ օրինակ. լրագրողը այս կամ այն նպատակով հարցնում է, թե ի՞նչ նկատի ուներ, երբ Չինաստան այցի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը հետաքրքրված է Չինաստանից զենքի գնմամբ:
«Ես նախընտրում եմ զենքը ցույց տալ զորահանդեսների ժամանակ: Առաջիկա գնումների, հնարավոր գնումների, այստեղից-այնտեղից ձեռքբերելու մասին խոսակցությունն անօգուտ է, որովհետև դա դժվարացնում է նման բոլոր գործընթացները, բացահայտում է հեռանկարային ծրագիրը»,- պատասխանել է Վիգեն Սարգսյանը, մեկ անգամ եւս ապացուցելով, որ իրոք պետական գործիչ է եւ ունի պետական մտածողություն:
Ինչ վերաբերում է մեծ աղմուկ բարձրացրած միջադեպին՝ իսրայելական անօդաչուների փորձարկմանը Հայաստանի սահմանների ուղղությամբ, ապա Վիգեն Սարգսյանն ասաց, որ հուսով է՝ տարվող քննությունը լիարժեք ավարտին կհասցվի, կձեռնարկվեն համապատասխան միջոցներ:
Մի կարեւոր հանգամանքի մասին: Վիգեն Սարգսյանը շատ հստակ շեշտեց, որ կառավարությանն է ներկայացվելու բարձրաստիճան պաշտոնյաների թվի կրճատման մասին նախագիծ, ընդգծելով, որ ՊՆ-ում բազմաթիվ վարչություններ, բաժիններ կան, որտեղ բավական մեծ թվով ղեկավար-պաշտոն զբաղեցնող ծառայողներ կան:
Ինչպես ասում են, ամեն ինչ պարզ եւ առանց գանգուր եւ դժվար հասկանալի ձեւակերպումների: Մնում է հուսալ, որ Վիգեն Սարչգսյանը հաստատակամ եւ բավական կամք կունենա սկսած գործընթացն ավարտին հասցնելու համար: Իսկ որ փոփոխությունների համար մեծ ջանք է պահանջվում՝ ակնհայտ է:
Top-News.am