Փոխնախարար. «Կրթությունը բոլորի համար չպետք է լինի»
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ուսումնասիրություններով՝ այսօր երիտասարդության գլխավոր խնդիրներն են որակյալ կրթությունը, զբաղվածությունը և սոցիալ-տնտեսական հարցերը, որոնք բնորոշ են նաև ընդհանուր հասարակության լայն շերտերին: Այս մասին հայտարարեց փոխնախարար Արսեն Քարամյանը Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիայի կազմակերպած երիտասարդների հետ հանդիպման ժամանակ:
Արսեն Քարամյանն անդրադարձավ երիտասարդների բարձրացրած աշխատաշուկա-բարձրագույն կրթություն հարաբերակցության խնդրին: Արդյոք հայաստանյան աշխատաշուկան հնարավորություն ունի՞ շրջանավարտների գոնե 3 տոկոսին ապահովել աշխատանքով: Պատասխանը բացական էր: «Իհարկե, ոչ: Բարձրագույն կրթության ոլորտում ունենք խայտառակ իրավիճակ: Այս կրթահամակարգը և իր բոլոր կարծրատիպերը ժառանգել ենք խորհրդային միությունից, փորձել ենք ադապտացնել եվրոպական ինչ-որ գործընթացների. չի հաջողվում»:
Արսեն Քարամյանի պնդմամբ՝ Հայաստանում բոլորը տառապում են բարձրագույն կրթություն ստանալու մոլուցքով: «Բուհերի դռները բաց են բոլորի համար, էստի համեցեք են կանչում, քանի որ երիտասարդը պոտենցիալ դրամատու է իրենց համար: Բուհերը ծանրաբեռնված են նաև սոցիալական գործառույթով, իրենք պարտավոր են աշխատավարձ վճարել, դրա համար հայտարարում են՝ իբր կրթությունը պետք է լինի մատչելի: Ոչ, կրթությունը պետք է լինի թանկ ու որակյալ, և այդ կրթությունը բոլորի համար չպետք է լինի», – նշեց փոխնախարարը: Ըստ նրա՝ այսօր Հայաստանում կրթությունը միջազգային չափանիշներով խայտառակ էժան է. «Ինչպե՞ս եք պատկերացնում՝ էժան կոշիկը կարո՞ղ է լավը լինել՝ իհարկե, ոչ»: