Չեմ հասկանում՝ ինչ, բայց երգում եմ. բրիտանական «Ձայնի» ֆինալիստը Կոմիտաս է կատարում (Տեսանյութ)
Բրիտանական «Ձայնը» նախագծի ֆինալիստ Էշլի Մորգանը սիրահարվել է Հայաստանին ու հայկական մշակույթին: Այս օրերին նա երգչուհի Հասմիկ Կարապետյանի հետ համագործակցության շրջանակներում Հայաստանում է: Երեկ՝ սեպտեմբերի 28-ին, երգչուհու տեսահոլովակի շնորհանդեսի ժամանակ լրագրողների հետ զրույցում նա պատմեց՝ ինչպես է իմացել Հայաստանի մասին:
«Այստեղ եղել եմ 10 տարի առաջ, իսկ վերջին անգամ՝ այս տարվա մայիսին, եւ հենց այդ ժամանակ էլ ծանոթացել եմ Հասմիկի ու Ալլա Լեւոնյանի հետ: Շատ ոգեւորված էի: Հիմա 3-րդ անգամ եմ այստեղ: Եկել եմ՝ Հասմիկի տեսահոլովակի շնորհանդեսին մասնակցելու: Հայաստանի մասին գիտեմ վաղուց: Երբ շատ երիտասարդ էի, ընկերացա Համիկ Ազարյանի հետ, որը ծնվել է Միացյալ Թագավորությունում: Նա ինձ ծանոթացրեց հայկական մշակույթին, եւ ես դարձա հայկական երաժշտության մեծ երկրպագու: Այդ ժամանակվանից լսում եմ Հասմիկի, Ալլայի, Սիրուշոյի, Ռազմիկ Ամյանի, Ինգա եւ Անուշ Արշակյանների եւ շատ այլ հայ կատարողների երգեր»,- պատմեց նա:
Հատկապես շատ Էշլին սիրում է Կոմիտասին: Նրա ստեղծագործություններից մի քանիսը կատարում է: Մոտ ժամանակներս պատրաստվում է ձայնագրել այդ երգերի քավըր տարբերակները:
«Ձայնագրելու եմ Կոմիտասի «Վայ վայ»-ի եւ գուցե նաեւ «Սարերի հովին մեռնեմ» երգի քավըրը, շատ գեղեցիկ երգ է: Ես չեմ հասկանում՝ ինչ եմ երգում, բայց երգում եմ: Հայերենը շատ բարդ է ինձ համար, հնչյունները շատ դժվար են հատկապես «ղ»-ն»,- ասաց նա: