Կարո Փայլանն իր աջակցությունն է հայտնել դատարանի առաջ կանգնած ընդդիմադիր «Ջումհուրիյեթ» թերթի լրագրողներին
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանն իր աջակցությունն է հայտնել թուրքական ամենահայտնի ընդդիմադիր թերթի՝ «Ջումհուրիյեթ»-ի դատավարությունով անցնող թուրք լրագրողներին:
Twitter-ի իր պաշտոնական էջում Փայլանը հրավիրել է բոլորին Ստամբուլի Չաղլայան արդարադատության պալատ՝ աջակից լինելու կալանավորված լրագրողներին: Նա նշել է, որ անձամբ է ներկա գտնվելու դատական նիստին:
«Ազատությո՛ւն ճշմարտությունը մեզ հասցնողներին», - գրել է հայազգի պատգամավորը:
Հիշեցնենք, որ 2016թ.-ի նոյեմբերի 11-ին Թուրքիայի ոստիկանությունն Անկարայում հատուկ գործողություն էր իրականացրել ընդդիմադիր «Ջումհուրիյեթ» թերթի աշխատակիցների դեմ: Խուզարկություններ էին իրականացվել թերթի տնօրենի, խմբագիրների և մի շարք սյունակագիրների տներում:
«Ջումհուրիյեթ» թերթը դեռևս անցյալ տարվա մայիս ամսին էր հայտնվել իշխանությունների և, մասնավորապես, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուշադրության կենտրոնում: Թերթը հրապարակել էր աղմկահարույց լուսանկարներ, որոնցում երևում էր, թե ինչպես է թուրքական կողմը ՄՃՓ («Միջազգային ճանապարհային փոխադրումներ») միջազգային բեռնափոխադրման մասին մաքսային կոնվենցիայի շրջանակում Սիրիա փոխադրվող բեռների հետ նաև զենք-զինամթերք տեղափոխում: «Ահա այն զենքերը, որոնց մասին Էրդողանն ասում էր, թե չկան» վերնագրով հոդվածում «Ջումհուրիյեթի» թղթակիցը պնդել էր, որ բեռնատարը պատկանել է Թուրքիայի ազգային հետախուզության կոմիտեին:
Այդ ժամանակ լուրը հերքած նախագահը սպառնացել էր թերթին և հայտարարել, թե «այդ լուրն անողը պատասխան կտա»:
Նշենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մինչև հոկտեմբերի 2-ը ժամանակ է տվել Թուրքիայի իշխանություններին, որպեսզի հանդես գան դատարանում բացատրական ճառով ու բացատրեն, թե ինչ հիմքերով են ձերբակալել թուրքական ընդդիմադիր «Ջումհուրիյեթ» պարբերականի լրագրողներին ու ղեկավար կազմին։