Ադրբեջանը կարող է հեռացվել Եվրոպայի խորհրդից
ՄԻԵԴ–ի սահմանած որոշումները Ադրբեջանի կողմից չկատարելը կարող է հանգեցնել Եվրոպայի խորհրդից նրան հեռացնելուն, հայտնում է «Կոմերսանտը»։
«Եվրոպայի խորհրդի նախարարների հանձնաժողովն առաջին անգամ դիմում է պատրաստում ՄԻԵԴ Մեծ պալատ ներկայացնելու համար, քանի որ ազգային իշխանությունները հրաժարվում են կատարել ՄԻԵԴ որոշումները։ Ընթացակարգը գործարկվել է Ադրբեջանի դեմ»,– գրում է թերթը՝ նշելով, որ Ռուսաստանի դեմ համանման քայլեր ձեռնարկելու մասին ՅՈՒԿՕՍ–ի նախկին համասեփականատեր Միխայիլ Խոդորկովսկու եւ Պլատոն Լեբեդեւի միջնորդությանը Ստրասբուրգում դեռեւս չեն արձագանքել։
Մարդու իրավունքների պաշտպանության կոնվենցիայի 46-րդ հոդվածը պետության կողմից ոտնահարելը կարող է հանգեցնել Եվրոպայի խորհրդի կազմից հեռացվելուն, հիշեցնում է թերթը։
Ադրբեջանի իշխանությունները հրաժարվում են ազատ արձակել ընդդիմադիր Իլքար Մամեդովին, որի կալանավորման գործում 2014–ին ՄԻԵԴ–ը քաղաքական դրդապատճառներ էր տեսել։