«Դատավորը ջահել աղջիկ էր, անճար վիճակում, պատվեր էր՝ պետք է կատարեր». Հակոբ Ավետյանը՝ Վարդենիսի համայնքապետի ընտրության գործով դատական նիստի մասին
Վարչական դատարանում այսօր՝ հունվարի 27-ին, քննվել է Վարդենիսի համայնքապետի ընտրությանը վերաբերվող հայցը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դիմել էր դատարան՝ պահանջելով չեղյալ համարել ավագանու անդրանիկ նիստը, որի ժամանակ համայնքապետ էր ընտրվել ընդդիմության թեկնածուն՝ Ահարոն Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով՝ Վարդենիս խոշորացված համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել էր 12 մանդատ, «Ահարոն Խաչատրյան» կուսակցությունների դաշինքը 10 մանդատ, իսկ «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքը՝ 5: Ելնելով ընտրության արդյունքներից՝ «Ահարոն Խաչատրյան» կուսակցությունների դաշինքը և «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքը համագործակցության և համայնքում տեղական իշխանության մարմինները միասնաբար ձևավորելու մասին հայտարարություն էին ստորագրել:
Դեկտեմբերի 30-ի Վարդենիսի ավագանու անդրանիկ նիստին համայնքի ղեկավար ընտրվեց ընդդիմադիր թեկնածու Ահարոն Խաչատրյանը, որից հետո ՔՊ-ն, լինելով փոքրամասնություն, դիմել է դատարան՝ չեղյալ համարելու ավագանու անդրանիկ նիստը:
«Փաստինֆո»-ին Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը հայտնեց, որ նիստն այսօր կայացել է, սակայն որոշումը կհրապարակվի երկուշաբթի՝ 11։30-ին.
«Պարզ երևում է , որ ամեն ինչ պատվերի տակ է, դատավորը ջահել աղջիկ էր, անճար վիճակում էր, պատվեր էր, պետք է կատարեր»,-ասաց Ավետյանը: