Իշխող խմբակցությունից ՀՌՀ անդամը խոստովանել է, որ հեռուստատեսությամբ չի հետեւում լուրերին
Կառավարության երեկվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ուսուցիչը ցանկանում է պարեկ դառնալ։ Սա ներկայացվեց որպես դրական երեւույթ։ Այս մասին հունվարի 21-ին Ազգային ժողովի նիստում հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի ընտրության հարցի քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ դիմելով թեկնածու, ՔՊ-ից նախկին պատգամավոր Արթուր Մանուկյանին։
«Մի կողմ դնենք մշակույթն ու ճաշակը։ Տվյալ դեպքում գործ ունենք արժեհամակարգի հետ։ Ձեր արժեհամակարգը համընկնո՞ւմ է այս արժեհամակարգին»,- հետաքրքրվեց Խաչատրյանը։
Մանուկյանն, իր հերթին, խոստովանեց, որ չի հասկանում հարցի էությունը․ «Ո՞վ է ուզում պարեկ լինել։ Ինչո՞ւ է ուզում պարեկ դառնալ»։
Պատգամավորը եզրակացրեց, որ ըստ ամենայնի Մանուկյանը չի հետեւում կառավարության նիստերին։
«Շնորհավորում եմ։ Գոնե խնայում եք ձեր նյարդերը։ Երկար եւ երջանիկ կապրեք»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ կրկնելով իր հարցը։
Մանուկյանն այս անգամ հասկացավ հարցի էությունը՝ շտապելով պատասխանել։ Նրա խոսքով՝ ինքը հիմնականում հեռուստատեսությամբ չի հետեւում լուրերին, քանի որ փորձում է խնայել իր նյարդերը։
«Եթե ուսուցիչը ուզում է պարեկ դառնալ, ուրեմն դրա համար չի ծնվել։ Պարզապես մարդը սխալ տեղ է եկել»,- ամփոփեց Մանուկյանը։