Մեկ տարվա ընթացքում 615 թուրք պետական պաշտոնյա դիմել է Գերմանիային քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով
Անցյալ տարի Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո Գերմանիայից քաղաքական ապաստան է խնդրել 615 թուրք պետական պաշտոնյա։ Նրանցից 250-ը դիվանագետներ են, այս մասին գրում է demokrathaber.org կայքը՝ հղում անելով Գերմանիայի ներքին գործերի նախարարության տվյալներին:
Ընդհանուր առմամբ, Գերմանիային ապաստանի խնդրանքով դիմած Թուրքիայի քաղաքացիների թիվն անցյալ տարվա հուլիսի 15-ից մինչև այս տարվա օգոստոս 6.700 է:
Հայտնի է, որ Գերմանիան առայժմ բավարարել է 22 տոկոսի դիմումները:
Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին: