Նախկին ղեկավարին գաղտնալսելն անվտանգության սպային առնվազն պատիվ չբերող արարք է, երկիրը բռնապետության տանելու փորձ. ԱԱԾ պահեստազորի սպաներ
«Սա երկիրը բռնապետության տանելու փորձ է ». ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ-ն հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանին իշխանության կողմից Pegasus լրտեսող ծրագրի մասին գաղտնալսման փորձին։
«ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը խստագույնս դատապարտում է իշխանությունների որդեգրած գործելաոճը` գտնելով, որ այն հակասում է մարդու հիմնարար ազատությունների սկզբունքին, երկիրը բռնապետություն տանելու փորձ է, ձղաձգումների մեջ հայտնվածների վարքագիծ, իսկ նախկին ղեկավարին գաղտնալսելը` ենթադրաբար չունենալով ստուգման ենթակա օրինական հիմքեր, ողջամիտ կասկած, անվտանգության սպային առնվազն պատիվ չբերող արարք է: Վստահ ենք, որ սա բացառիկ դեպք չէ, կարող է կիրառվել քաղաքական իշխանությունների համար թվացյալ վտանգ ներկայացնող յուրաքանչյուր անձի, այդ թվում մեր նկատմամբ: Հայաստանը ժողովրդավարական զարգացումների ճանապարհից հետ պահելը դատապարտված է ձախողման, իսկ ապօրինի յուրաքանչյուր գաղտնալսման դեպք իշխանափոխության արդյունքում դառնալու է քննության առարկա»,- ասված է հայտարարությունում։
Վանեցյանը հայտնել էր, թե Apple ընկերությունից ստացել է նամակ, որ հայաստանյան գործող իշխանություններն ապօրինաբար, խախտելով իր անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը, տևական ժամանակ գաղտնալսման փորձեր են իրականացրել, որոնք ակնհայտորեն կապված են իմ քաղաքական գործունեության հետ։