Խաչատուր Սուքիասյանը կարո՞ղ է ապացուցել, որ Սերժ Սարգսյանը Բադեն-Բադենում կազինո է գնացել
Իշխանական գործարար-պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի՝ «Գռզո»-ի ներկայացուցիչը պնդում է, թե ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերյալ արված «բոլորը գիտեն, որ ՀՀ երրորդ նախագահը 100 միլիոն դոլարից ավել կազինոներում կրվել է Բադեն-Բադենում» հայտարարությունը ոչ թե զրպարտություն, այլ՝ գնահատողական դատողություն է։ «Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ «Սերժ Սարգսյանն ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի» գործով դատական նիստին նման դիրքորոշում է հայտնել Սուքիասյանի ներկայացուցիչ Աննա Տոնոյանը՝ ներկայացնելով հայցադիմումի վերաբերյալ պատասխանը։
Ըստ փաստաբանի՝ պատասխանողը դիտավորություն չի ունեցել արատավորելու հայցվորի բարի համբավը, պատիվն ու արժանապատվությունը, իսկ արված հայտարարություններով պատասխանողը ոչ թե հրապարակել է իրականությանը չհամապատասխանող տվյալ, այլ՝ կատարել է գնահատողական դատողություն՝ պայմանավորված հանրային շահով։ Պատասխանողի ներկայացուցիչ Տոնոյանը նկատեց՝ Սարգսյանի կողմից Բադեն-Բադեն այցելությունների վերաբերյալ հանրային քննարկումներ եղել են շուրջ 13 տարի՝ դեռևս այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահ էր։
Բացի այդ՝ պատասխանողի ներկայացուցիչը նշեց, թե Սուքիասյանը չի մեղադրել Սարգսյանին որևէ զանցանք կամ հանցանք կատարելու մեջ, իսկ արված հայտարարությունները հանդիսանում են հանրային հետաքրքրության առարկա, հետևաբար, պատասխանող կողմն օգտվել է ազատ խոսքի իր իրավունքից՝ գնահատականներ տալով։ Հայցվորի ներկայացուցիչներն էլ հիշեցրեցին, որ Սուքիասյանը հայտարարությունը կատարել է՝ մատնանշելով բանակի, պետության գումարները, հետևաբար, արդյո՞ք դա չի նշանակում, որ առկա է կոռուպցիոն ռիսկ, ինչին ի պատասխան Տոնոյանը տվեց խուսափողական պատասխան։
Հայցվորի ներկայացուցիչ Ամրամ Մակինյանը հարց ուղղեց Տոնոյանին՝ հետաքրքրվելով, թե արդյո՞ք Սուքիասյանը շարունակում է պնդել, որ ՀՀ երրորդ նախագահը Բադեն-Բադենում հենց կազինո է գնացել և եթե այո, կարո՞ղ են դա ապացուցել, թե ոչ, հարցին, սակայն, պատասխան չտրվեց. Աննա Տոնոյանը նշեց, որ ապացուցման բեռը դեռևս չի բաշխվել։ Մակինյանը կրկին հետաքրքրվեց՝ կարո՞ղ են ապացուցել, որ նախագահը Բադեն-Բադենի կազինոներում 100 մլն-ից ավելի գումար է պարտվել, պատասխան կրկին չտրվեց, Տոնոյանը նշեց, թե հայցվորը պետք է ապացուցի, որ դա զրպարտություն է։
Փաստաբան Վահագն Գրիգորյանն էլ պարզաբանեց՝ նշելով, որ դա կարևոր է՝ հասկանալու, թե դա արդյո՞ք պատասխանող կողմի համար կատարված հայտարարությունները որպես փաստ է ընկալվում, թե դատողություն է՝ գնահատողական։ Մակինյանն էլ շարունակեց, որ դա կարող է ընդունել ի գիտություն, որ Սուքիասյանը ցանկանում է Սարգսյանի վերաբերյալ արված իր հայտարարությունն ապացուցելու պարտականությունից ազատվել ՝ դա ներկայացնելով որպես ազատ խոսքի դրսևորում և գնահատողական դատողություն։
Դատական նիստը հետաձգվեց՝ մինչև 2022թ հունվարի 17-ը, ժամը՝ 11.30-ը։
Հիշեցնենք, որ Խաչատուր Սուքիասյանի դեմ հայցադիմում է ներկայացվել դատարան՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պատիվն ու բարի համբավն արատավորող տեղեկատվությունը հերքելու պահանջով։ Հայցադիմումի հիմք է հանդիսացել օգոստոսի 25-ին Սուքիասյանի կողմից՝ ԱԺ ամբիոնի մոտից արված հայտարարությունը, թե «3-րդ նախագահը 100 միլիոն դոլարից ավել կազինոներում կրվել է»։ Սույն գործով Խաչատուր Սուքիասյանից բացի որպես պատասխանող կողմ է նաև ՀՀ-ն՝ ի դեմս ԱԺ աշխատակազմի։