Եթե անգամ Հայաստանը «միջանցք/ճանապարհ»-ին մաքսակետ դնի, միեւնույնն է՝ այդ հաղորդակցությունը լրջագույն ռիսկ է
«Ճանապարհ-միջանցք» հակադրումը պարզապես բառախաղ է, հրապարակախոսական հնարք, նեյրոլինգվիստիկ ծրագրավորում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը:
«Մասնագիտական տրանսպորտային գրականության մեջ «տրանսպորտային միջանցք» եզրույթն ամենևին չի ենթադրում մաքսակետերի բացառում։ Ավելին՝ հաճախ երեքից ավել պետությունների միջև տրանսպորտային հաղորդակցությունները սահմանվում են հենց որպես «միջանցք», որը ենթադրում է նաև տարանցման բաղադրիչը՝ իր բոլոր ընթացակարգերով։
Ամեն դեպքում, եթե անգամ «Մեղրիի միջանցք/ճանապարհին» Հայաստանը մաքսակետ տեղադրի ու վերահսկողություն իրականացնի, միևնույն է՝ այդ հաղորդակցության առկայությունը լրջագույն ռիսկ է մեր համար, քանզի օգտագործվելու է որպես թուրքական էքսպանսիայի գործիք»,- գրել է փորձագետը։