Հիմա չգիտեմ՝ պատվաստվելո՞ւ պատճառով եմ մեռնելու, թե՞ երկրորդը չպատվաստվելուց, բայց պատգամս չմոռանաք
Եթե ես մեռնեմ մինչև 2070 թվականը, ուրեմն տապանաքարիս գրեք «Մեռավ հանուն ժուռնալիստիկայի»:
Հիմա պատմեմ, թե խի:
Ուրեմն էս պատվաստվել-չպատվաստվելու մասին անձամբ ու առանց միջնորդների տեղեկություն հավաքելու նպատակով որոշեցի գնալ ու պատվաստվել:
Պոլիկլինիկայի թերապևտը շատ ուրախացավ, որ պատվաստվելու եմ ու միանգամից ուղեգիր տվեց: Հարցնում եմ. թե էդքան հե՞շտ:
-Հա, բա էլ ի՞նչ եք ուզում»,- զարմացավ թերապևտը:
-Դե գոնե ճնշումս ստուգեիք:
-Ինչի՞, Ձեզ վա՞տ եք զգում»,- արդեն հետաքրքրվեց բժիշկը:
-Չէ, բայց դե եսիմ...
-Եթե վատ չեք զգում, ուրեմն կպատվաստենք:
-Բժիշկ ջան, կարող է լյարդի կամ սրտի խնդիր ունեմ, բայց դրա մասին չգիտեմ, բա մի հատ չե՞ք ստուգի, նոր պատվաստեք:
-Եթե այս պահին բողոք չունեք, ուրեմն հանգիստ կարող եք պատվաստվել:
-Մի բան հաստատ գիտեմ, որ արյան բարձր մակարդելիություն ունեմ, դա վտանգավոր չի՞,- հետաքրքրվում եմ ես
Էդտեղ բժիշկը մի քիչ կերպարանափոխվեց, թե՝ ի՞նչից իմացաք:
-Վերջերս (անցյալ տարի պատերազմի օրերին) արյուն էի ուզում հանձնել՝ չստացվեց:
-Իսկ հետազոտվե՞լ եք, պատճառն ի՞նչ է:
-Չէ, չեմ հետազոտվել, բայց բժիշկն ասեց, որ շատ ծխելուց է:
Այս անգամ թերապևտի մեջ խոսեց էն նախկինների ժամանակվա բժիշկը:
-Ընկեր ջան, առողջության հետ կատակներ չեն անում, պետք է անպայման անալիզներ հանձնեիք, պատճառներն իմանայիք:
-Բժիշկ ջա, բա ես էլ հենց Ձեր ասածն եմ անում, հետաքրքրվում եմ, որ հանկարծ պատվաստումից հետո բարդությունների առաջ չկանգնեմ,- արդեն չարախնդում եմ ես:
-Ընկեր ջան, մենք Ձեզ չենք ստիպում, կարող եք չպատվաստվել,- գլխառադ է անում արդեն նյարդայնացող թերապևտը:
Քմծիծաղ եմ տալիս ու գնում պատվաստման սենյակ:
Երեկ երկրորդ պատվաստման օրն էր, բայց պատվաստանյութ չկար: Նույն կաբինետում ասացին, որ մի շաբաթից նոր կարող է լինի երկրորդ չափաբաժինը:
-Բա իմ պատվաստման ընթացքը չի՞ խաթարվի, բժիշկ ջան:
-Դե ի՞նչ ասեմ, հիմա չունենք:
-Բժիշկ ջան, ախար Դուք խադավիկ չեք, որ էդպես հեշտ ասեք...
-Ընկեր ջան, խնդրում եմ այս կաբինետում այդ թեման մի շոշափեք, արդեն հոգնել ենք,-հիմա էլ սկսում է բողոքել թերապևտը,- բայց կարող ենք հերթագրել, որ, եթե ստանանք, զանգահարենք:
Հիմա չգիտեմ՝ պատվաստվելո՞ւ պատճառով եմ մեռնելու, թե՞ երկրորդը չպատվաստվելուց, բայց պատգամս չմոռանաք: