Սահմանամերձ Կիրանցը ունի երեք առաջին դասարանցի (Լուսանկարներ)
Այսօր սահմանամերձ Կիրանցի դպրոցը համալրվեց երեք առաջին դասարանցով: Մոտ երեք հարյուր բնակիչ ունեցող այս համայնքի համար սա վատ ցուցանիշ չէ: Մեզ հետ զրույցում գյուղապետ Կամո Շահինյանը նշեց, որ անցած տարի եղել է վեց առաջին դասարանցի:
«Ես վստահ եմ, որ եթե մենք աջակցություն ստանանք երիտասարդ ընտանիքներին բնակարանով, տնով ապահովելու խնդրում, ապա առաջին դասրանցիների եւ դպրոցականների թիվը կտրուկ կավելանա»,- ասաց Շահինյանը եւ ավելացրեց. «Գյուղը Հայաստանի այն եզակի համայնքներից է, որ արտագաղթ չունի, պարզապես միջոցներ չունենք մեր ուժերով երիտասարդ ընտանիքների բնակարանային խնդիրը լուծելու համար»:
Գյուղն ապրում է բնականոն կյանքով: Անգամ իր ուժերով ֆուտբոլի խաղադաշտ են կառուցում, առանց որեւէ մեկի աջակցության: «Մենք ապրող եւ կենդանի ու հերոս գյուղ ենք: Պետք է տեսնեիք, թե երեխաներն ինչպես էին մասնակցում խաղադաշտի կառուցմանը: Մենք ապագա ունեցող գյուղ ենք»,- ասաց Շահինյանը:
Top-News.am